Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան փորձում է Հայաստանին պարտադրել Արցախի հարցի լուծման իր պլանը (տեսանյութ)

Քաղաքականություն
putinn

Հայաստանը թուլացրել է դիրքերը Արցախի հարցով բանակցություններում։ Հայաստան-Սփյուռք համաժողովին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե Ադրբեջանին կհանձնվեն տարածքներ, առանց որոնց արցախցիների անվտանգությունը հարցականի տակ չի դրվի։ Իսկ արդեն երեկ հայ պաշտոնյան հանդիպեց Ադրբեջանի Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ի՞նչ է նշանակում այս ակտիվությունը։  «Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում և պարտադրում է Երևանին մտնել այսպես կոչված առարկայական բանակցությունների փուլ, ինչին Երևանը նախկինում դիմադրում էր, քանի դեռ կյանքի կոչված չէին Վիեննայի պայմանավորվածությունները։ Այժմ Հայաստանի ինքնիշխանությունն այնքան թուլացած է, որ նրանք նույնիսկ զրկված են նախկին դիրքորումը հետևողականորեն պնդելու հնարավորություններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Հայաստանին ճնշելով՝ Մոսկվան փորձում է նրան պարտադրել Արցախի հարցի լուծման իր, այսպես կոչված, «ռուսական պլանը»։ Ըստ դրա՝ Արցախի 7 կամ 5 շրջանները կհանձնվեն Ադրբեջանին։ Թե որքան է Հայաստանի իշխանությունն ընկրկել Ռուսաստանի առջև, քաղաքագետը հիշեցնում է ոչ հեռու անցյալը։ Քոչարյանի օրոք թեև բանակցությունները նույն անընդունելի հիմքի վրա էին տարվում, բայց գոնե բանակցությունները ծառայում էին հակամարտության կառավարման գործին։  «Բանակցային գործընթացը վերջին տարիներին այնքան է խեղաթյուրվել, որ մի շարք անընդունելի բաներ կան։ Նախ առաջինը՝ հակամարտության էության խեղաթյուրումն է, երբ ագրեսորը դարձել է զոհ, զոհը՝ ագրեսոր, օբյեկտն ընդհանրապես դուրս է մղվել բանակցություններից, նրա ճակատագիրը քննարկում են երրորդ երկրներ, և ոչ ամենևին ինքը։ Եվ վերջապես՝ արդեն որևէ վերահսկողություն չկա հռետորաբանության, նախկինում գոնե նախագահներին, նախարարներին արգելվում էր բանակցային գործընթացին վնասող հռետորաբանության դիմել»։ Բանակցել, քանի որ դա պարտադրում է անել Ռուսաստանը, քաղաքագետի գնահատմամբ՝ վերին աստիճանի վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար։ Սերժ Սարգսյանը պետք է հավատարիմ մնա 2016-ի ապրիլյան պատերազմից հետո որդեգրած դիրքորոշմանը՝ Ալիևի հետ չնստել բանակցությունների, քանի դեռ անվտանգության միջազգային երաշխիքներ չեն տրամադրվել։ Ստյոպա Սաֆարյանն ասում է. «Ուրախությունն էլ կարճ տևեց, որովհետև ինչպես տեսնում ենք, Երևանն ինքն է արդեն մոռացել, թե մեկ տարի առաջ ինչհայտարարություն էր արել։ Ցավալիորեն, բաց է թողնվում հերթական հնարավորությունն այն իմաստով, որ նույն արևմտյան համանախագահները հաստատապես կողմնակից են Վիեննային պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Թույլ տալ, որ դա մոռացության մատնվի, Հայաստանն ու Արցախը կարող է թանկ գին վճարեն»։ Հայաստանը միայնակ է մնացել ռուս-ադրբեջանական տանդեմի առաջ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մեղավորության պատճառով։ 2008 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո Արցախի հարցում վճռորոշ դեր վերապահվեց Ռուսաստանին։  «Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը Մինսկի խմբի դիրքերի թուլացման առումով համընկել են։ Մինսկի խմբի ջանքերը իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ տեսանելի են և քանի դեռ Հայաստանի շահերից ևս բխում է, որ հարցը դուրս չգա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, այնուամենայնիվ, Հայաստանը չի դառնում Արևմուտքի համար գործընկեր այդ խնդիրը լուծելու համար»,- մեկնաբանում է Ստյոպա Սաֆարյանը։ Այս իրավիճակում Հայաստանն ունի միայն մեկ ելք՝ հիմնավորապես ելնել իր շահերից՝ չենթարկվելով այլ պետությունների ճնշումներին։