Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ կրթության նախարարի այցն արտոնություն չի տա ռուսերենին. ռեկտոր (տեսանյութ)

Քաղաքականություն
2-9

Հայկական պետական Մանկավարժական համալսարանի ուսանողները Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային և նրա պատվիրակությանը դիմավորեցին երգուպարով։ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի լուսանկարը հյուրերին հիշեցնում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին։ Արդեն հանդիպմանը ռուս պատվիրակները խոսում են Հայաստանում ռուսերենի խնդիրներից։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Կարինե Դավթյանը վստահեցնում է ռուս պաշտոնյային, թե դրանք լուծելի են։ «Ռուսաց լեզուն հայերի համար երբեք չի եղել և չի լինի օտար»,- ասում է Կարինե Դավթյանը։ Նախարար Օլգա Վասիլևային այստեղ անակնկալ էր սպասվում՝ նա արժանանում է Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչման։ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարին այդպիսի բարձր կոչման արժանացնելու հարցում Մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդը չի տատանվել։ «Օլգա Վասիլևան ճանաչված մասնագետ է՝ ռուս եկեղեցու և պետության հարաբերությւոնների ուղղությամբ։ Նա 250 գիտական հոդվածների և 6 մենագրությունների հեղինակ է»,- ասում է ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։ 22015578_2064286000264182_1136887139_o Ռուբեն Միրզախանյանն շտապում է ասել, որ ռուս պաշտոնյային մեծ շուքով ընդունելության արժանացնելը չի նշանակում, որ հետայսու համալսարանում ռուսերենը արտոնյալ կլինի մյուս լեզուների համեմատ։ «Հենց մանկավարժական համալսարանը ընդունեց որոշում այն մասին, որ ռուսերենը պետք է դիտարկել որպես օտար լեզու։ Ի դեպ, ՀՀ Կառավարությունը նման որոշում ընդունեց մեկ տարի անց»,- ասում է նա։ Ռուս պաշտոնյան հերքում է վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը, թե օպտիմալացվելու է Մոսկվայում գործող Լազարյան եղբայրների անվան հայկական դպրոցը։ «Դպրոցը պետք է շարունակի աշխատել»,- ասում է նա։ Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զարմացավ, երբ լրագրողները նրան տեղեկացրին Հայաստանում դասավանդվող ռուսերենի դասագրքում տեղ գտած ռասիստական մի որակման մասին։ Ռուսերեն «Ն» տառը սերտելիս երեխաներին ցուցադրվում է սևամորթի նկար՝ Նեգր անվանումով՝ ակամա վիրավորելով ռասսային։ «Անհնար է, աններելի սխալ է, մենք կտեսնենք»,- ասում է նախարարը։ Այդ աններելի սխալի հեղինակներից մեկը ռուսաց լեզվի մասնագետ Լիլյա Բալասանյանն է։ Նա գլխավորում է Հայաստանում գործող և Ռուսաստանի պետության կողմից ֆինանսավորվող Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների ասոցացիան. «Ռուսերենի մեր կոլեգաներն ասացին, որ ոչ ոք դրա մեջ վատ բան չի տեսնում։ Դա պաշտոնական մոտեցում չի, որ ես համարեմ այդ նկարը ... եթե միակ սխալը դա է այդ գրքի, իհարկե այն կփոխվի։ Գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, բայց թե այդ նկարը երբ է հայտնվել այնտեղ, ես չեմ կարող ասել, բայց ես խոստանում եմ, որ այդ նկարը շուտով այնտեղից կանհայտանա»,- նշում է մասնագետը։   1 3