Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուպերգավաթ՝ առանց հրավառության (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-supergavat-24.09

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի 2017 թվականի սուպերգավաթի եզրափակիչ խաղում հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտին»: Հինգերորդ անգամ պատվավոր այդ մրցանակը նվաճելու գործում շիրակցիներին օգնեցին Մուսա Փոլ Բակայոկոն եւ Մարտուն Մխիթարյանը, որոնք համապատասխանաբար 79-րդ եւ 90-րդ րոպեներին գրավեցին ալաշկերտցիների դարպասը: Ավաղ, այս անգամ հանդիպումից հետո հաղթողների պատվին ոչ հրավառություն տրվեց, ոչ էլ փայլաթղթերով անձրեւ կազմակերպվեց: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ Հակոբ Տոնոյանի որդին շատ արագ հանձնեցին գավաթն ու պատվոգրերը եւ նույնքան արագ ավարտեցին իրենց առաքելությունը: «Խաղի համար երկար բան չեմ ասի: Շատ վատ խաղացինք, պարտվեցինք: «Շիրակին» շնորհավորում եմ սուպերգավաթը հաղթելու համար», - այսպես կարճ եւ ըմբռնելի մեկնաբանեց 90 րոպե տեւած հանդիպումը «Ալաշկերտի» մարզիչ Արկադի Չիլինգարյանը, որը մամուլի ասուլիսին փոխարինել էր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, քանի որ վերջինս որակազրկվել է նախորդ խաղում ոչ սպորտային պահվածք դրսեւորելու համար: «Նախ շնորհակալություն եմ հայտնում Գյումրի քաղաքին, թիմին, երկրպագուներին, ղեկավարությանը: Բավական դիտարժան խաղ ստացվեց, տղաներն անմնացորդ նվիրվեցին, խաղի որակը բարձր էր: Կարողացանք եւս մեկ անգամ նվաճել Հայաստանի սուպերգավաթը: Կարծում եմ, որ պետք է փոխել սուպերգավաթի անցկացման օրը: Ավելի ճիշտ կլինի սուպերգավաթով սկսել հենց նոր մրցաշրջանը, որպեսզի թիմերն ավելի լուրջ մոտենան խաղին եւ կարողանան դիտարժան ֆուտբոլ ցուցադրել», - ասաց խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: