Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրովարտակ-պայմանագրերը՝ որպես հայ-արաբական հարաբերությունների կարգավորման աղբյուր»

arrax

 Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի հոդվածը՝ «ԱԶԳ» օրաթերթից

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր, արաբագետ Նիկոլայ Հովհաննիսյանի խմբագությամբ հրատարակել է արաբագետ Գայանե Մկրտումյանի «Հրովարտակ-պայմանագրերը որպես հայ- արաբական հարաբերությունների աղբյուր VII-XII դդ.» արժեքավոր մենագրությունը, որը նոր լույս է սփռում պատմական մի շարք կարեւոր հիմնահարցերի վրա: Աշխատանքը, որը կատարվել է հիմնականում արաբերեն եւ հայերեն սկզբնաղբյուրների խորքային ուսումնասիրությամբ, կազմված է երեք գլուխներից: Դրանցից առաջինը վերնագրված էՙ «Մուհամմադ մարգարեի վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ», երկրորդըՙ «Դաշնագրերըՙ որպես հայ-արաբական հարաբերությունների աղբյուր», եւ երրորդըՙ «Առաջին չորս արդարադատ խալիֆաների օրոք նվաճված բնակչությանը տրված պայմանագրերը»:

Նշենք, որ անկախ հրովարտակ-պայմանագրերի (մանշուր), մասնավորապես Մուհամմադ մարգարեի եւ Ալի իբն Աբու Տալիբ խալիֆայի անուններով դաշնագրերի պատմական վավերականության եւ իսկության իրողությունից, թեմայի ուսումնասիրությունը կարեւոր է աղբյուրագիտության տեսանկյունից: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս հասկանալու Մերձավոր Արեւելքում իսլամի ի հայտ բերած քաղաքական եւ քաղաքակրթական փոփոխությունները: Առանց նշված փաստաթղթերի ուսումնասիրության գրեթե անհնար կլինի ընկալել խալիֆայության մեջ մուսուլմանների եւ ոչ մուսուլմանների, մասնավորապես քրիստոնյաների, հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաեւ իսլամական օրենքների գերակայությամբ ապրող փոքրամասնությունների հիմնախնդիրները:

Հեղինակը օգտվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ պահոցում Մուհամմադ մարգարեի ու Ալի իբն Աբու Տալիբ խալիֆայի անուններով մեզ հասած եւ 16-19-րդ դարերում ընդօրինակված բազմաթիվ դաշնագրերից, որոնց նախատիպը Մուհամմադ մարգարեի կողմից 632 թ. Եմենի Նաջրան քաղաքի բնակչությանը տրված պայմանագրի «քրիստոնեական» տարբերակն է, որի կազմման ժամանակաշրջանը տատանվում է 7-9-րդ դարերի միջակայքում: Մուհամմադյան պայմանագրերը մասնավորապես պահպանվել են Իբն Իսհակ-Իբն Հիշամի «Վարք մարգարեական» աշխատության մեջ: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում եւ աշխատանքում ուսումնասիրվել են Մուհամմադ մարգարեին, Ալի իբն Աբու Տալիբ խալիֆային, Օմար իբն Ալ-Խատտաբ խալիֆային վերագրվող պայմանագրերը, որոնք շնորհվել են Երուսաղեմի հայ համայնքին: Հետագա պատմափուլերում մուսուլման կառավարիչների կողմից հայերին տրված բոլոր դաշնագրերը Երուսաղեմի հայոց համայնքին տրված պայմանագրի վերահաստատումն են: Ասվածի ապացույցն է նաեւ Սալահ ադ-դին Ալ-Այյուբիի (1171-1193) կողմից Երուսաղեմի քրիստոնյաներին, այդ թվումՙ հայերին շնորհած դաշնագիրը: Նշենք, որ հայերը նախքան իսլամի հաղթարշավը, հինգ-վեցերորդ դարերում Երուսաղեմում ունեցել են բազմաթիվ եկեղեցիներ: Երուսաղեմ են այցելել հայ ուխտավորներ, վանականներ, ուսանողներ եւ այլն: Հեղինակն իրավացիորեն նշում է, որ ժամանակի ընթացքում մուհամմադյան դաշնագրերը դարձան հեղինակավոր եւ անկասելի չափանիշ հայերի նկատմամբ մուսուլման կառավարիչների կայուն դիրքորոշման ձեւավորման համար:

Ժամանակագրական առումով աշխատանքի հիմնական նյութն ընդգրկում է 7-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 12-րդ դարն ընկած ժամանակահատվածը, որը ներառում է առաջին չորս արդարադատ խալիֆաների, ինչպես նաեւ Օմայան եւ Աբբասյան խալիֆայության շրջանը: Անդրադարձ է արվել նաեւ հետագա դարերին, մինչեւ 19-րդ դարը, երբ հայերը, ապրելով իսլամական օրենքի ներքո, ձգտում էին Մուհամմադ մարգարեին վերագրվող դաշնագրով վերահաստատել իրենց կարգավիճակն իսլամական միջավայրում:

Դաշնագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գլխահարկի եւ հողահարկի վճարման դիմաց երաշխավորվում է քրիստոնյաների անվտանգությունը, ունեցվածքը, ապահովությունը, ինչպես նաեւ դավանանքի ազատությունը: Մուհամմադյան դաշնագրերի ուսումնասիրությունը վկայում է քրիստոնյաների նկատմամբ հանդուրժողական ու մարդասիրական վերաբերմունքի մասին: Հետագայում դրանք դառնում են խալիֆայության կազմում ապրող նվաճվաճ ժողովուրդների հետ հարաբերվելու կարեւոր ձեւերից մեկը: Նշենք, որ մենագության մեջ ուսումնասիրվել են նաեւ Ղուրանում եւ հադիսներում հրեաների եւ քրիստոնյաների նկատմամբ իսլամի մոտեցումները:

Ավելին՝ այստեղ

arax