Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են

Պաշտոնական
21768512_1839048793010475_6287558505333494825_o

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցրեը վերաբերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհված տարածքների ուսումնասիրություններին: ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ներկայացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակի վերլուծությունը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքների բույսերի բազմազանության վիճակի և ինքնավերականգնման հնարավորության մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Արսեն Գասպարյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացված արգելոցի կենսաբազմազանության վրա հրդեհների ազդեցության ուսումնասիրությունը: Հրդեհների հետևանքների վերացման ուղղությամբ ամերիկյան գիտնականների կողմից տրված նախնական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը: Ըստ ներկայացված զեկույցների, նախնական հաշվարկներով հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայում արդեն հրդեհված տարածքներում ակնհայտ է բուսականության աճը, թեև, վերջնական պատկերացում կարելի է կազմել գարնանը: Միամյա խոտաբույսերի վիճակն արգելոցի բոլոր տեղամասերում կբացահայտվի աշնանային անձրևներից հետո, ինչպես նաև գարնանը՝ թափված կենսունակ սերմերի ծլելուց հետո: Բազմամյա և ծառաթփային բույսերի վերականգնումը ևս մեծ չափով կախված է ծլունակ սերմերի առկայությունից: Լայնատերև ծառատեսակների ամբողջությամբ այրված առանձնյակների վիճակը կբացահայտվի գարնանային վեգետացիայի ընթացքում: ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում կկատարվի այրված տեղամասերից հավաքված պտուղների և սերմերի ցանքս, հրդեհից հետո դրանց ծլունակությունը ստուգելու նպատակով: Երկամյա և բազմամյա խոտաբույսերի մոտ նշված տեղամասերում արդեն սկսվել են վերականգնման պրոցեսներ: Դրանց մոտ նոր ընձյուղներ են դուրս եկել արմատամերձ վարդակներից, որոշ տեսակների մոտ հասնելով մինչև 20 սմ բարձրության: Ինչպես բազմիցս նշվել է, վերականգնման տեսանկյունից բարդությունը գիհու ծառատեսակն է ներկայացնում, որն ինքնին դժվար աճող տեսակ է: Բուսականության վերականգնման վերջնական վիճակը կբացահայտվի լրացուցիչ մոնիտորինգից հետո՝ աշնանը (անձրևներից հետո՝ հիմնականում խոտաբույսերինը) և գարնանը (հիմնականում՝ ծառերինը և թփերինը): Արամ Աղասյանը հատկանշական է համարել, որ կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների կորուստներ չեն եղել, հրդեհն ընդգրկած տարածքում կրակից զերծ մնացած կղզյակներում անգամ միջատներն ու սողունները կարողացել են պատսպարվել: Դիտարկումները ցույց են տալիս, որ հրդեհված տարածքներում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի: Ժիրայր Վարդանյանը նշել է, որ հրդեհի հետևանքով կարմիգրքային բուսերի տեսակի ոչնչացման խնդիր չկա: Արսեն Գասպարյանն անդրադարձել է նաև WWF-ի կողմից տրամադրված աջակցությանը՝ 15 հատ հրդեհմարման սարքեր և այլ տեխնիկա, 2 հատ 7 տոննա ծավալով ավազան և այլն: Արեգ Ղարաբեգյանը ներկայացրել է ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների դիտարկումները: Սեպտեմբերի 9-ին ուսումնասիրություններ կատարելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, խումբն արձանագրել է, որ հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ: Իրականացվել են համապատասխան փաստագրումներ և գնահատումներ: Դիտարկվել են նաև արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/: Գնահատվել են անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը: Խորհրդի անդամներին են ներկայացվել նաև ԱՄՆ անտառային ծառայության կողմից ստացված արբանյակային պատկերները: Խմբի կողմից տրամադրվելիք եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ նաև տեխնիկական աջակցության համար: Մտքերի փոխանակության ընթացքում կարևորվել է ռիսկերի գնահատման, տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման և մասնագիտական կարողությունների հզորացման, արգելոցում դիտարկումների շարունակականության և մի շարք այլ հարցերի անհրաժեշտությունը: Նիստի ավարտին խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել նաև «ԱՐՄԱԿ» ջրամատակարարման ինքնաշխատ համակարգեր» ընկերության՝ անտառներում հրդեհների կանխարգելման ու հրդեհաշիջման նախնական աշխատանքների իրականացման շրջանակներում հիդրոհարվածային պոմպի կիրառման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելել ընկերություն՝ «Բունակն» ինքնաշխատ ջրամատակարարման համակարգի աշխատանքի և դրա կիրառման հնարավորությունների մանրամսներին տեղում ծանոթանալու համար:  Նիստի ավարտին քաղաքացի Ա․Ամիրջանյանը խորհրդին ցուցադրել է հրդեհաշիջման իր հայտնագործած մեթոդը: 21618021_1839048853010469_6301036227066309452_n 21688062_1839048496343838_5671336837361106285_o