Հայաստանում լավ չգիտեն, թե ինչպես է ԵՄ-ը գործում. Սվիտալսկի (տեսանյութ)
Հայաստանում ԵՄ-ի մասին իրազեկված չեն. «Այստեղ լավ չգիտեն, թե ինչպես է ԵՄ-ը գործում, որն է այն ազդեցությունը, որ ԵՄ-ն ունենում է իր անդամ պետությունների վրա: Հայաստանը հիմա հնարավորություն չունի ԵՄ-ին միանալ, Հայաստանն անգամ ասոցացման ուղու վրա էլ չէ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ԵՄ-ը գործում: ԵՄ ազդեցությունը Հայաստանի վրա զգալի է՝ դրական իմաստով»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Պարոն Սվիտալսկին, սակայն, չի նեղսրտում՝ ամեն ինչ երիտասարդների ձեռքում է, իսկ երիտասարդ սերնդի մեջ նա տեսնում է եվրոպական ոգին. «Չնայած համագործակցության մեծ նպատակների, Եվրոպական Միության նպատակն է հայաստանցի երիտասարդներին պահել այստեղ, ոչ թե տեսնել դրսում, այդ թվում Եվրոպայում, դուք եք իմ առաջնահերթությունը, որովհետև ՀՀ-ն ձեր կարիքն ունի այստեղ, ոչ թե այլ երկրում»: Պյոտոր Սվիտալսկին երիտասարդների հետ հանդիպում էր «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովին: Ուսանողները հնարավորություն ունեին նաեւ իրենց հարցերն ուղղել դեսպանին: Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր, արդյո՞ք ԵՄ-ն մրցակից չի համարում ԵԱՏՄ-ին՝ Հայստանի հետ հարաբերությունների համատեքստում. «Ես չեմ նախանձում, երբ լսում եմ, որ Հայաստանը հարաբերություններ է ստեղծում Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հետ, ես ուրախանում եմ: Դա խնդիր չէ, եթե Հայաստանը մեզ հետ էլ է լավ հարաբերություններ պահպանում: Մենք ոչ մի մրցակցություն չենք զգում, անգամ հորդորում ենք Հայաստանին շատ գործընկերներ ունենալ»: Դեսպանը անդրադարձավ նաեւ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրին: Նա հիշեցրեց, փասթաթուղթը երկկողմ է, ուստի համաձայնգրի ստորագրումից հետո, նույն զամբյուղի մեջ դնել ՄԱԿ-ը, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն և ԵՄ-ն՝ խնդրահարույց է: