Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքում նման փոփոխություն անողը հաստատ բուհի առաջին կուրսեցու խելք չի ունեցել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
levon-barseghyan

Արդարադատության նախարարությունը նոր դավադրություն է պատրաստում լրագրողների դեմ հանձին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում արվող նոր փոփոխությունների: Ըստ դրանցից մեկի, 50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը կարող է չպատասխանել լրագրողի հարցումներին. «Հայաստանի 1350 դպրոցներից օրինակի համար, ՊՈԱԿ-ներից կեսից քիչը ունի 50-ից ավել աշխատող: Նրանք, որոնք 50-ից պակաս աշխատակից ունեն, նրանք մեր հարցումները զուգարանի թղթի տեղ կախելու են զուգարանում»,- ասում է«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Լեւոն Բարսեղյանը վստահեցնում է, որ օրենքում նման փոփոխություն անողը հաստատ բուհի առաջին կուրսեցու խելք չի ունեցել: Որովհետեւ չի բացատրել, թե ինչու տեղեկատվություն չպետք է տրամադրի 50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը: Ինքն ուզում է անձամբ ծանոթանալ այս տողերի հեղինակի հետ, թեպետ վստահ է, որ գրողը ունի վերադաս, որն էլ գրողին պատվիրել է օրենքում գրել այսպիսի անհեթեթություն. «Վերջիվերջո գնում, հասնում ենք այդ նույն մարդուն, ով մի շարք խայտառակ նախաձեռնությունների հեղինակ է: Դավիթ Հարությունյանի մասին է խոսքը-ասում է ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը: -Նախագիծը կազմվել ա իմ կողմից»: Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանն ակնարկում է, որ փոփոխություններն արվել են հասարակական կազմակերպությունների եւ մի շարք գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա. «Բազմիցս, երեւի թե 10 անգամից ավել մենք հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացրել ենք»,-ասում է  ԱՆ ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը: Երիտասարդին քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հասկացնում են, որ նա ուզում է պատասխանատվությունը գցել իրենց վրա: Մինչդեռ քաղաքացիական հասարակության առաջարկներից ոչ մեկը նախագծում չկա. «Օրենքի հեղինակներն անելու են այն, ինչ որոշել են անել»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ իշխանությունը հույս ունի, թե հ/կ-ները կուլ կտան այն խայծը, թե այս օրենքն արվում է կոռուպցիայի դեմ պայքարի համար. «Եթե այդպիսի քաղաքականություն վարվեր, ապա անցած տարվա դեկտեմբերին չէր ընդունվի գնումների մասին մի փոփոխություն, ըստ որի երկրի առաջին երեք դեմքերի՝ գնումները կդասվեն պետական գաղտնիքի շարքում»: Աշոտ Մելիքյանն առաջարկում է պարզապես չեղյալ համարել փոփոխությունները: Քաղաքացիական հասարակությունը հայտարարում է, որ այս օրինագծի հետ ինքը կապ չունի, բովանդակային փոփոխություններից ոչ մեկն իր առաջարկածը չէ. «Ցավոք, մի տպավորություն է ստեղծվում, որ հասարակական կազմակերպությունները հույս ունենալով ավելի լավացնել իրավական որեւէ ակտ մասնակցում են դրա մշակման աշխատանքներին, բայց վերջում դուրս ենք գալիս կորցրած: Արդյունքում շահում է իրավական ակտը նախաձեռնողը, որովհետեւ նա ցույց է տալիս մասնակցային գործընթաց»,- ասում է «Թրանսփերենսի ինթերնեշընըլ» հ/կ ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը: