Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չի ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը 15 տարեկան է։  Քաղաքական ուժի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ է դիմավորում կենտրոնական գրասենյակ տոնական ընդունելության շտապող հյուրերին։ Հայաստանի առաջին արտգործնախարարը, որ 2000-ականներին հիմնադրել էր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, Օրրան բարեգործական կազմակերպությունը, 2002-ին հիմք դրեց մի ուժ, որի գերնպատակն իր խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումն ու ազգային շահի պաշտպանությունն է։  «Հետխորհրդային տարածքն ընդհանրապես, նաև՝ Հայաստանը, ամենաբնական տեղը չէ  ընդդիմություն աշխատելու համար, ընդդիմությունը, որը տևապես անհավասար պայքար է մղում։ 15 տարի բանտերում, հացադուլերում, հրապարակներում, հարցազրույցներում, թե ժողովներում Ժառանգությունը որպես տեսակ կա, իր դերակատարումն ունեցել է»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հիմնադրումից հետո Ժառանգությունը հաջողում է հենց առաջին փորձությանը՝ 2007 թվականին Խորհրդարանում ստանում է 7 մանդատ։ Իսկ արդեն 2008-ին պիտի դիմագրավեին քաղաքական վայրիվերումներին։ Արդեն 13 տարի Ժառանգության շարքերում գտնվող Արմեն Մարտիրոսյանը մտաբերում է մարտի 1-ին հաջորդող օրերը։ «Մենք էդ ռեպրեսիաների ալիքը հնարավորինս մեղմացրեցինքորովհետև գիշեր-ցերեկ Ժառանգությունը ոստիկանությունում էր։ Անօրինական բերման էին ենթարկում, մենք գնում էինք քաղաքացիների հետևից, որ բռնության չենթարկեն, ազատ արձակեն»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ժառանգությունը, թեև դուրս մնաց 6-րդ գումարման Ազգային ժողովից, բայց կուսակցության առաջնորդի հավաստմամբ՝ շարունակում են պայքարը հանուն ժողովրդավար Հայաստանի։ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝  անձամբ Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի համար մեծագույն սխալ կլինի, եթե ՀՀԿ ղեկավարը որոշի նախագահի պաշտոնը փոխարինել վարչապետի պաշտոնով։  «Իր իսկ սերունդները վնասի կենթակի, դա արդեն իր մտածելու բանն է՝ առաջինը, և երկրորդը՝ ես իրեն ճանաչում եմ որպես ՀՀԿ նախագահ, և իր կուսակցությունը  նույնպես պիտի մտածի, թե իրենց հետագիծն ինչպես պետք է ներկայացվի հաջորդ սերունդներին»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ժառանգության 15-ամյակը տոնեցին կուսակցության ներկա անդամները։ Ներկա չէին կուսակցության նախկին անդամներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը։ Ներկա չէ նաև Սերժ Սարգսյանը։ Մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ես հրավիրել էի ՀՀԿ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին։ Պատասխան չե՞ք ստացել։ Չէ։ Ինչո՞ւ չի ընդունել, չգիտեմ»։ Ժառանգությունն այս պահին ներկուսակցական աշխատանքով է զբաղված։ Եթե 2018-ի ապրիլին ընդառաջ քաղաքացիների մոտ նկատեն փողոց դուրս գալու և Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու նպատակ, Ժառանգությունը կլինի առաջին շարքերում։  «Առանց ժողովրդի մասնակցության, ակտիվության, ճնշման ոչ մի բարի գործ մեր երկրում չի կարող տեղի ունենալ»,- նշում է Ժառանգության առաջնորդը։ Մեկուկես տասնամյակ Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող Ժառանգությունը երբևէ չի եղել իշխանության մեջ։ Պարբերաբար քննադատվել է գործընկեր ուժերի, այդ թվում՝ Հայաստանի երեք նախագահների կողմից։ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի՝ ինչու. «Որովհետև ինչ-որ մի ճիշտ բան անում ենք երևի։ Սխալներին զուգահեռ ինչ-որ ճիշտ կետ կա, որ իրենք բռնում են, և ուզում, որ դա էլ չլինի»։ Րաֆֆի Հովհաննիսյանը երեք նախագահներին միավորող մեկ բան է տեսնում՝ բոլորն էլ իրենց համարում են անփոխարինելի, որ իրենցից բացի որևէ մեկը չի կարող հաջողությամբ ղեկավարել Հայաստանը։ Ընդդիմադիր առաջնորդը պնդում է՝ Հայաստանը կդառնա պետական կայացած միավոր, եթե մեր երկրի առաջին դեմքը դադարի իրեն միակը կարծել՝ չոչնացնելով ժողովրդի քաղաքական այլընտրանքները։