Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ընկերություններն Իրանից վերադարձել են 9 պայմանագրով

Պաշտոնական
iran

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է իրանական բազմաճյուղ առևտրաարդյունաբերական էքսպոն, որին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք։ Իրանական բիզնեսը երևանյան էքսպոյին ներկայացել է կենցաղային տեխնիկայի,  քիմիական, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումների, գյուղտեխնիկայի, մետաղաձուլական, տեքստիլ և այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներով։ «Հույս ունեմ, այս ցուցահանդեսները կդառնան ավանդական՝ իրենց ներդրումն ունենալով հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացման գործում»,- միջոցառման բացմանը նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում տեղի է ունեցել հայկական ապրանքների ցուցահանդես, որին մասնակցել են 103 հայաստանյան ընկերություններ։ «Սա Իրանում հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու հայաստանցի և իրանցի գործարարների միջև տնտեսական կապերը։ Իրանում կայացած ցուցահանդեսից, ի դեպ, հայկական ընկերությունները վերադարձել են 9 պայմանագրով, որից 1-ը՝ արտահանման բացառիկ պայմանագիր և 2 բուհական համագործակցության հուշագիր»,- նշել է ՀԶՀ Ծրագրերի թիմի ղեկավար Ավետիս Հովհաննիսյանը։  «Այս ցուցահանդեսով Հայաստանում կբարձրանա իրանական ապրանքների մասին տեղեկացվածությունը, սա նաև հիմքեր կստեղծի ներմուծվող իրանական ապրանքների, կիսաֆաբրիկատների՝ մեր երկրում հետագա վերամշակման, այստեղ համատեղ արտադրությունների հիմնման և դեպի երրորդ երկրներ արտահանման համար»,- նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։   Նախարար Սուրեն Կարայանը իրանցի գործընկերների հետ շրջայց է կատարել, ծանոթացել ներկայացված տեսականուն։ Էքսպոյի շրջանակում տեղի կունենան B2B հանդիպումներ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Հոսեյն Էսփահբոդին։   Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն