Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ դիվանագիտությունը պետք է կապիտալիզացնի Ալիեւի հայտարարությունները» (տեսանյութ)

Քաղաքականություն
vladimir

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը պետք է համարժեք պատասխան ստանա: «Այս անգամ նա բացահայտ խոսում է 2016թ. ապրիլյան պատերազմի մասին: Կարծում եմ՝ սա հնարավորություն է մեր դիվանագիտության համար, որպեսզի կապիտալիզացնի այդ հայտարարությունները, որ ադրբեջանցիներն արել են բացահայտ՝ իրենց վրա վերցնելով այդ մեղքի բաժինը դեպքերի վերաբերյալ: Մինչ օրս չկար հստակ փաստ, ապացույց, որ մենք միջազգային հանրությանը ներկայացնեինք, թե ով է նախաձեռնել ու ով է պատճառը արյունալի ու ցավալի իրադարձությունների համար, այդ առումով դիվանագիտության համար բացվել է աշխատանքի նոր դաշտ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ արտաքին հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:    Իլհամ Ալիևը մասնավորապես ասել էր, որ անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի: «Միեւնույն ժամանակ ես ձեռնպահ կմնայի հրապարակային հռետորական մտավարժանքները կապել բանակցային գործընթացի հետ»,- նկատեց Վլադիմիր Կարապետյանը:             Ելույթից մի քանի օր առաջ ՝ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Սփյուռք եռօրյա համաժողվի ժամանակ չէր բացառել  Արցախի հարակից տարածքների վերադարձը: «Իմ կարծիքով՝ շատ ձախորդ հայտարարություն էր, եւ ես համաձայն չեմ նման ձեւակերպումների հետ, որ տրվել է: Դրանից հետո, նա խոսել է համանախագահների առաջարկությունների մասին՝ չխոսելով՝ ՀՀ դիրքորոշումը որն է: Ես չէի ուզենա, որ մեր արտգործնախարարը լիներ համանախագահ դեսպանների խոսնակը, իսկ ինձ մոտ նման տպավորություն ձեւավորվեց»,- կարծում է ՀԱԿ անդամը:             Էդվարդ Նալբանդյանն իր խոսքը կառուցել է՝ հղում կատարելով Մինսկի խմբի համանախագահներին՝ մասնավորապես նշելով, որ առանց լիակատար անվտանգության երաշխիքների ապահովման՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը անհնար կլինի: «Մենք պետք է մեր դիրքորոշումը ունենանք, հետո տեսնենք՝ ինչքանով է դա համահունչ միջազգային հանրությանը: Եթե անգամ համահունչ չէ, պետք է աշխատել այդ ուղղությամբ, սակայն մենք չպետք է հարմարվենք համանախագահների այս կամ այն հայտարարությանը, նրանց շահերին»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը:             Ի դեպ, Սերժ Սարգսյանը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ էր ունեցել Իլհամ Ալիեւից մեկ օր առաջ, հայտարարել էր՝ Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար՝ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն նրա  Արցախը բռնակցելու ձգտումները: