Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք այդ պատերազմում հաղթելու ենք». ՀԱԿ-ը նշեց Անկախության տոնը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hak

ՀԱԿ-ը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նեղ շրջանակում տոնեց Անկախության 26-ամյակը: «Երբ Հերակլը գնում է Պարսկաստան՝ hետ բերելու Քրիստոսի գերեվարված խաչը, նա երազ է տեսնում, եւ Աստվածն ասում է, որ այս պատերազմը դու հաղթելու ես, քանի որ քո կռիվն արդար է: Պարոն նախագահ, սիրելի Լեւոն Տեր-Պետրոսյան, քո եւ մեր պատերազմը արդար է, եւ մենք հաղթելու ենք, քանի որ մեր պատերազմը հայ ժողովրդի ազատության համար է, անկախության համար է: Եւ մենք մեր խաչը տանելու ենք, մենք այդ պատերազմում հաղթելու ենք»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: 1991թ. սեպտեմբերի 21-ին 2 մլն 42 հազար ՀՀ քաղաքացի կողմ քվեարկեց ՀՀ անկախությանը: «Ժողովուրդն ասում է՝ օր կա, տարի արժե. սեպտեմբերի 21-ը հարյուրամյակ արժե, հազարամյակ արժե, քանի որ մեր սերունդը քվեարկեց հազարամյա ամբարված երազանքներն ի կատար ածելու համար, քանի որ մեր ժողովուրդը միակամ քվեարկեց ազատության ճանապարհը բռնելու համար: Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել»,- նկատեց Արամ Մանուկյանը:  Սեպտեմբերի 21-ը նաեւ ՄԱԿ-ի որոշմամբ խաղաղության միջազգային օր է հռչակված: Արամ Մանուկյանը դա նախախնամություն է համարում. «Այսուհետ, պարոն նախագահ, աշխարհի բոլոր երկրները սեպտեմբերի 21-ը նշելու են՝ որպես խաղաղության օր»:  ՀԱԿ անցկացրած տոնական հանդիպմանը ներկա էին քաղաքական, հասարակական հայտնի գործիչներ: Ներկա էին 2008թ. մարտի մեկի զոհերի ծնողները:  «Մեր անկախությունը պահպանելու համար մեր հայ ժողովուրդը մեր երեխաների նման, որոնք զոհվեցին 2008թ. մարտի մեկին, նրանց  ոգին ու ցանկությունը պետք է ունենա, եւ մենք՝ ծնողներս, մեր երեխաների կիսատ գործերն ենք ուզում շարունակել, որ մեր Անկախությունը պահպանվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:  «Ժողովրդի մոտ իշխանության նկատմամբ հավատը կորել է: Եթե հիշում եք՝ մենք ոնց էինք այս անկախությունը ձեռք, ոնց էին ժողովուրդը փողոցները դուրս եկել ու ուրախանում էին: Սա ամենալավ հայկական տոնն է, սա երազանք էր, որ ձեռք բերեցինք, դրա համար պաշտպան է պետք, տիրանալ է պետք»,- ասաց Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը:  ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցել չհաջողվեց: