Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամսական 25 հազար դոլարից պակաս ունես՝ Հայաստանը դժոխք է. սփյուռքահայ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-Mher

Գերմանիայից 4 տարի առաջ Հայաստան եկած ու հաստատված պարոն Ավետիս Դալդալյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի օրերին ամփոփում է, թե ուր է ընկել ինքը. «Դրախտ է»: Պարոն Ավետիսը սակայն շարունակում է՝ կարեւորը, որ ամեն ամիս քո ձեռքին լինի 25 հազար դոլար։ Նրա զավակները եւ թոռնիկն ապրում են Գերմանիայում։ Որդիներից եւ թոռներից մեկը համագործակցում են Դորտմունդի Բորուսիա եւ Քյոլն թիմերի հետ: Ինքը մենակ է Հայաստանում. «Մոթել մը ունիմ, կբավե ինձի, 500 հազար դոլար կբավե ինձի»: Պարոն Ավետիսը տեղյակ է, որ Հայաստանից մարդիկ փախչում են: Պատճառը պարզ է՝ մեղավորն իրենք են՝ բազուկը չպետք է աշխատացնեն, այլ ուղեղը. «Պստիկությունե ապուշ մեծացած են՝ ուրեմն, հոս տեղը դժոխք է, հոս դժոխք է, քեզի բացեիբաց կըսեմ»: Սակայն համաժողովի օրերին Արցախի պատվիրակությունը ներկայացնող Երուսաղեմում ծնված լիբանանցի այս մարդը Հայաստանում գիտի ինտելեկտուալների, որոնք ոչ թե բազուկ են աշխատացրել, այլ՝ ուղեղ: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը. «Աշխատում է, որ դրամ էրած է, չաշխատե, չի կրնա»: Ամերիկահայ Զավեն Խանջյանը Հայ ավետարանչական եկեղեցու հավատացյալ է: Բայց նա չի հավատում, որ կոռուպցիա ունեցող Հայաստանում մարդը կարող է ուղեղով հասնել հաջողությունների, այստեղ արդարության պակաս կա. «Երբ անհատ մը կենթարկվի կոռափշընի, փորձության, պետք է պատրաստ ըլլանք իրեն համար պայքարելու»: Պարոն Խանջյանը տեղյակ է, որ Հայաստանից մարդիկ փախչում են խուճապահար, տեղյակ է, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվում: Գուցե փոխվի առանց ընտրությունների. «Կհուսանք, որ հաջորդ ապրիլին կփոխվի»:  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին լրագրողները տեղեկացնում են Հայաստանում կյանքի ոչ բավարար պայմանների մասին սփյուռքահայերի դժգոհություններից. «Ես չեմ կարծում, որ մեկ-երկուսի արտահայտությունը դարձել է ուղղակի բանաձեւ»: Սփյուռքահայերը Հայաստանի սոցիալ տնտեսական պայմաններից դժգոհելու հիմքեր չունեն: Տիկին Հակոբյանը նրանց կվստահեցնի, որ ուրիշ սփյուռքահայեր էլ կան, որոնք դժգոհելու փոխարեն ներդրումներ են անում: