Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյան. «Իշխանություններին պետք է քաղաքական մեղադրանք ներկայացվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias-nkar

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանն իրեն անմեղ է համարում։ Անցած տարի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող գործիչը առաջադրված մեղադրանքը շինծու է որակում։  «Ա1+»-ի հարցին ի պատասխան Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Սուտ վկայություն կա, որը ինձ նման մտադրություն է վերագրում, իբր թե հուլիսի 29-ին ունեցել եմ այդպիսի մտադրություն։ Դա ակնհայտ սուտ ցուցմունք է, բայց ես շարժառիթ անգամ չէի կարող ունենալ»։ Դատական նիստը հետաձգվեց դեռ չսկսված։ Ներկա չէին Անդրիաս Ղուկասյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը։ Դահլիճից հեռանալիս Անդրիաս Ղուկասյանը հասցրեց հայտնել, թե հետագա նիստերին ինչ մարտավարությամբ է ներկայանալու. «Քաղաքական գործ է և բնականաբար՝ պետք է քաղաքական մեղադրանք ներկայացվի իշխանություններին»։ Մեկ տարուց ավելի Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հոգեկան առողջության խնդիր ունեցող երկու անձի ցուցմունքի հիման վրա։ «Ա1+»-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն ասաց.  «Այդ ցուցմունքները որևէ կապ չունեն իրականության հետ։ Ցուցմունք տալու ժամանակ էլ մարդիկ խառնում էին դեպքերը, իրավիճակները, ժամանակները։ Մարդ, որ առնվազն մասնակցել է ամսի 29-ի երթին, պետք է իմանար, որ երթը սկսվել է Ազատության հրապարակից և գնացել է դեպի Սարի թաղ, այլ ոչ թե սկսվել է Խորենացի փողոցում և գնացել են դեպի հրապարակ»։ Իր դեմ ցուցմունք տվածներից Անդրիաս Ղուկասյանը ճանաչել է միայն մեկին, որը տեսել է, թե ինչպես են Սարի թաղում ծեծել Անդրիաս Ղուկասյանին։ Բայց այս մասին այդ անձի ցուցմունքում խոսք անգամ չկա։ Փոխարենը վկան նշել է, թե ընդդիմադիր գործիչը միտք ուներ մտնել Ոստիկանության ՊՊԾ գունդ։ Երկրորդ վկան, որն անհավասարակշիռ անձ է և գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, տվել է հակասական ցուցմունք։ Նախ ասել է, թե հուլիսի 28-ին Անդրիաս Ղուկասյանն իրեն ՊՊԾ գունդ մտնելու մտադրության մասին է հայտնել։ Ուրիշ առիթով էլ նույն վկան խոստովանել է՝ ինքը տեղյակ չէր ընդդիմադիր գործչի մտադրությանը, հակառակ դեպքում կկանխեր։  Անահիտ Թարխանյանը մեկնաբանում է. «Հիմա էստեղ հարց է գալիս, եթե դու ամսի 28-ին Անդրիասից ունեցել ես այդպիսի տեղեկություն, ապա ո՞նց ամսի 30-ին դու 20 լրատվամիջոցի տալիս ես ցուցմունք, որ եթե դու դրա մասին իմանայիր, դու կգնայիր և կհայտնեիր ոստիկանությանը»։ Անդրիաս Ղուկասյանն առաջիկա դատական նիստերին պատրաստվում է երեք տասնյակից ավելի միջնորդություններով հանդես գալ։ Ըստ նրա՝ նախաքննական մարմինը մերժել է գործում ներառել իրեն արդարացնող բազմաթիվ փաստեր, ինչպես նաև մերժվել են կարևոր միջնորդություններ։ «Եթե էդ միջնորդությունները բավարարվեն, ակնհայտ է դառնում, որ մեղադրականն ընդհանրապես իրավունք չունին ձևակերպել, ընդհանրապես պետք է բաց թողնեին։ Լրագրողները մանրամասն, մանրակրկիտ, նկարահանել են ամբողջ երթը, ամբողջ ընթացքը։ Կան նկարահանումներ, կան ցուցմունքներ»,- ասում է Անահիտ Թարխանյանը։  «Բոլոր մեղադրանքները շինծու են, մեր քաղաքական կոչերն ամբողջ ընթացքում եղել են խաղաղ։ Անդրիասի վրա դնել մեղադրանք, որ պատանդ պահել, զինված խմբին միանալ... հեքիաթի ժանրից է»։ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը նույն գործով անազատության մեջ է անցկացրել մեկ տարուց ավելի, բացահայտում է՝ ինքն ու Անդրիաս Ղուկասյանը բանտում են հայտնվել Արցախի շուրջ կարծր դիրքորոշման, ինչպես նաև ապրիլյան պատերազմից հետո գործունեության պատճառով։  «Բացահայտում էինք, որ Սերժ Սարգսյանը շատ դեպքերում ժողովրդի հետևում է քայլեր անում՝ առանց լայն հանրությանն իրազեկելու, և այդ ամենը բերեց նրան, որ մենք այլևս պետք չէինք ազատության մեջ, դրա համար Անդրիաս Ղուկասյանը դեռ նստած է»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին։