Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԻՆՔՆԱԹԻՌԸ «ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է» ՄԵԾԱՐԳՈ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ

Հասարակություն

«BE-200» մակնիշի ինքնաթիռի փորձնական այս թռիչքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Առաջին անգամ աշխարհում հրշեջ ինքնաթիռը ջուր վերցրեց բարձր լեռնային լճից:
Հաշված վայրկյանների ընթացքում ինքնաթիռը մոտ 4000 լիտր ջուր հավաքեց Սեւանա լճից , ապա անձրեւի տեսքով ջուրը վերադարձրեց լիճ:

Ռուս կոնստրուկտորների բոլոր սպասելիքներն արդարացան: «Երկկենցաղ» ինքնաթիռը նախագծվել է Տագանրոկի Բերիեվի անվան կոնստրուկտորական բյուրոյում:: Նման պարամետրերով եւ արագությամբ այլ հրշեջ ինքնաթիռ գոյություն չունի: Ինքնաթիռը «շտապ օգնություն» է անտառային հրդեհների դեպքում:

Ի տարբերություն «Իլ-76»մակնիշի հրշեջ ինքնաթիռի, այս օդանավը ոչ թե ջրով լիցքավորում են, այլ ինքն է հավաքում ջուրը: 14 վայրկյանում այն կարող է հավաքել 12000 լ ջուր:

Դեռ մեկ տարի ինքնաթիռը պետք է փորձարկվի, սակայն արդեն կա պահանջարկ: Ինքնաթիռը գնելու ցանկություն են հայտնել ԱՄՆ-ում, Կանադայում, Մալայզիայում: Դրա արժեքը 10-12 հազ. ամերիկյան դոլար է:

Տագանրոկի կոնստրուկտորական բյուրոյի ներկայացուցիչ Դմիտրի Շկոնդինը կուզենար, որ այս մակնիշի օդանավ ունենար նաեւ Հայաստանը: Այս դեպքում զբոսաշրջիկները Սեւան կհասնեն 15-րոպեից: «Երկկենցաղ» ինքնաթիռը կարող է տեղափոխել 80 ուղեւոր:

Իդեպ, ինքնաթիռի փորձնական թռիչքները անհանգստացրել էին Սեւանի թերակղզում հանգստացող Ռոբերտ Քոչարյանի թիկնազորին: Նրանք պահանջեցին, որ ինքնաթիռը թերակղզու վրայով չթռչի: