Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.ՄԱԿ-ում սկսվել Է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը (տեսանյութ)

Քաղաքականություն
905710

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի  ամենամյա ընդհանուր բանավեճը, որի շրջանակներում պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվում են՝ ներկայացնելու իրենց տեսակետները համաշխարհային հրատապ հարցերի մասին, մեկնարկում է սեպտեմբերի 19-ին՝ երեքշաբթի, և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 25-ը։ Այս տարվա քննարկման թեման է «Ուշադրությունը սևեռելով մարդկանց վրա. պայքար հանուն խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակում»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը սպասվում է նստաշրջանի բացմանը՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան (Նյու Յորքի ժամանակով)։ Հայաստանի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 19-ի հետկեսօրյա նիստում, որը տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով ժամը 3-ից մինչև 9-ը (Հայաստանի ելույթն այդ հատվածում ելույթների շարքում 7-րդն է և հաջորդելու է Ուզբեկստանի ելույթին)։ Ադրբեջանի ելույթը ծրագրված է նստաշրջանի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան նիստում՝ Նյու Յորքի ժամանակով 9-ից 1-ը (Ադրբեջանը ելույթ կունենա 4-րդը՝ Ղրղզստանից հետո)։ Ընդհանուր վեհաժողովի նախնական օրակարգում ներառված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը, որն Ընդհանուր վեհաժողովի օրակարգում ընդգրկվում, սակայն չի քննարկվում 2006-2007 թթ. 61-րդ նստաշրջանից ի վեր։ Ընդհանուր բանավեճի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ կազմակերպվում է նիստ ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ, որի ընթացքում նախատեսվում է ԱՄՆ նախագահի ելույթը։ Ողջ աշխարհից մարդկանց ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի ընթացքում տեղի ունեցող կարևոր քննարկումներում ներգրավելու նպատակով սեպտեմբերի 18-ից 22-ը ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում գործելու է Կայուն զարգացման նպատակների մեդիա գոտին։ Մեդիա գոտին ամեն օր հարթակ կլինի հանրահայտ գործիչների, փորձագետների, պաշտոնյաների մասնակցությամբ զրույցների համար լայնընդգրկուն թեմաների շուրջ, այդ թվում՝ կայուն զարգացման դերը հակամարտությունների կանխարգելման հարցում, գենդերային հավասարություն, կլիմայի փոփոխության խնդիր, երիտասարդների ներգրավում ու գործընկերություններ և այլն։ Անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հեռարձակումները՝ ստորեւ: