Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչները կողմնակից են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը

Պաշտոնական
4-6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը՝ փաստելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջեւ փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում մեծապես կարեւորել են հայ համայնքի ներդրումը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է.  խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: