Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոնարհված վանքերի անեծքն ու գաղտնիքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arates

  85-ամյա Ռոզա Վարդանյանը  բացում է դեպի  Կաթողիկե եկեղեցի տանող ճանապարհը։  Եղեգիս գյուղի երկու բնակիչների տների արանքում ծվարել է  կիսավեր  եկեղեցին, որը բուսածածկույթից կանաչել է։ «Այստեղ  տուրիստ չի գալիս։ Այս եկեղեցին եսն ու  դյուն գիտենք», - ծիծաղում է կինը՝ դիմելով  դոկումենտալիստ Նանե Բագրատունուն։  Ռոզա Վարդանյանը Նախիջեւանի Ազնաբերդ  / Զնաբերդ / գյուղից է։  Եղեգիս է տեղափոխվել 1988թ հայտնի իրադարձություններից հետո։ «Ոչ մեկը չի իմանում տեղը, ազնվությամբ եմ ասում, էդքան գալիս են, ոչ մեկը չի հարցնում, բայց ամենահինն է,  չէ՞»,- ասում է կինը, որը   ամեն գնով փորձում է իր բանջարանոցում աճող ՛լոլիկն ու պղպեղը հյուրասիրել եկեղեցին տեսնել ցանկացողներին։ Թաղածածկ կաթողիկե փոքր եկեղեցու ավերակները թվագրվում են  10-րդ դար, թեեւ ավելի վաղ լինելու մասին էլ պնդումներ կան։ Տիկին Ռոզայի հարեւանությամբ ապրում են ամուսիններ, որոնք խնդրում են իրենց չլուսանկարել, այլ միայն վթարային տունը։  Բաքվից տեղափոխված ընտանիքը հոգնել է բողոքելուց եւ տարբեր դռներ թակելուց։ Նոր բնակարան չեն  տրամադրում, իսկ այստեղ  տունը քանդել կամ նորոգել չի թույլատրվում։   Ըստ բնակիչների՝ նախկինում ադրբեջանաբնակ այս գյուղում չկա մի տուն, որի պատերում  խաչքար կամ խոնարհված եկեղեցուց բեկոր չլինի։ Եղեգիսի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2002թ-ին,  ներառված է 101 հուշարձան։ Բնակավայրը   ժամանակին եղել է Հայաստանի հնագույն ու նշանավոր քաղաքներից մեկը: hreakan gerezman Եղեգիս գետի ձախ ափին` այսպես կոչված «Յապոնի բաղեր» վայրում է գտնվում Հրեական գերեզմանոցը։ Տեղացիներն ասում են, որ մայիսին  այստեղ աշխարհի տարբեր երկրներից հրեաներ են գալիս հարգանքի տուրք մատուցելու. Տապանաքարերին մանր քարերը մնացել են  ուխտավորներից։ «Այստեղ մի փոքրիկ քար կար, հիմա չկա։  Ըստ երեւույթին՝ տարել են, ամենակարեւոր ինֆորմացիան այդ քարի վրա էր»,-ասում է տարածքին լավ ծանոթ, եղեգնաձորցի  Լիպարիտ Ասատրյանը , որը կարծում է, որ  ճիշտ ժամանակին քարը տարել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։  Ինչո՞ւ են տարել, արդեն ենթադրություն է. «Որ չգողանան»։   Սուրբ Աստվածածին եկեղեցին վթարային վիճակում է, թեեւ  զգուշացվում է՝ ներս չմտնել, այնուամենայնիվ,  շատ քչերն են դիմանում գայթակղությանը չտեսնելու 10 –րդ դարի եկեղեցու ներսը։   14-րդ դարում Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կառուցած Զորաց եկեղեցու բակում կիրակի օրերին երգում են Արեւ եւ Աստղիկ Մուխսուդյան քույրերը։  «Կտոր մը երկինք» խմբի  հանդիսատեսը «Քարե ժապավեն կյանքի մասին» մշակութային արշավի մասնակիցներն են։  Եղեգնաձորցի  հայր ու  դուստր  Բագրատունիները  նախաձեռնել են մշակութային այս արշավը՝  ներկայացնելու տարածաշրջանի պատմական գանձերը։  Արատեսի  վանքն այդ գանձերից մեկն է՝ հիմնականում բաղկացած  կիսավեր  երեք եկեղեցիներից եւ գավթից։ Ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։  Զորաց եկեղեցին կառուցած եպիսկոպոսի պապը՝  Սյունաց Տարսայիճ իշխանն է  Արատես գյուղը և վանքը նվիրել Նորավանքին որպես  ամառանոց՝ բարձրաստիճան հոգևորականների համար: Այն նաեւ եղել է գրչության կենտրոն։   arates2  Կիսավեր վանքի մասին տարբեր լեգենդներ կան։ Դրանցից մեկն էլ այն է, որ ով  այս վանքից գողություն անի, անեծքի կարժանանա։ Լուսանկարիչ  Էդվարդ Բագրատունին ասում է, որ ինքը նվազագույնը երեք նման դժբախտ դեպք է հիշում։ Խորհրդային տարիներին այս տարածքում բնակվող ադրբեջանցիները  վանքն ու տարածքը օգտագործել են որպես անասնապահական յայլա։ Վանքի քարերը գողացվել են, տարածքը լցվել ավազով եւ կեղտով։  1989-90-ականներին , երբ ծնվել  է այստեղ դպրատուն   կառուցելու  գաղափարը, վանքը փրկել են ավազից, դեսից դենից՝  ձորից, տներից գտել քարերը,   համարակալել։   Նախաձեռնությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի տնօրեն Աշոտ Բլեյանինն էր, որը ցանկանում էր Արատես գյուղը կարճ ժամանակում վերածել գյուղ-դպրոցի, մեր օրերի Գլաձորի։ Նախատեսվում էր  Արատեսում հիմնել Վայոց Ձորի Ավագ կամ Բարձր եռամյա դպրոցը, ընդունելությունն էլ  կազմակերպել  խիստ ընտրությամբ։  Բայց ծրագիրն իրականություն չդարձավ։ Խորհրդային միությունը փլուզվեց, եւ գումարներ չգտնվեցին,- բացատրում է Աշոտ Բլեյանը։    Մոտ 28 տարի ետ գնալով՝ պարոն Բլեյանը մտածում է, որ նախագծի իրականություն չդառնալը  գուցե եւ տեղին էր,քանի որ խորհրդային  մտածողությամբ ստեղծվածը  բոլորովին այլ բովանդակություն կունենար։    20170916_114920_resized_2  Բայց  «Արատեսը» կվերադառնա, արդեն ոչ որպես  երազ, այլ իրական ծրագիր, - վստահեցնում  է Աշոտ Բլեյանը։ Առաջիկա 2-3 տարում տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կնորացնի «Դպրոց բնության գրկում» նախագիծը։   Կրթահամալիրը կօգտագործի իր միջոցները,  մանկավարժական մոտեցումները, կհամագործակցի Եղեգիսի ձորում ձևավորվող նոր, խոշորացված համայնքի հետ՝ Արատեսում սկսածը կիսատ չթողնելու համար։