Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վստահությունը վերականգնել ոչ թե համաժողովներով, այլ օրինապահ գործունեությամբ. ԵՀՀ

Քաղաքականություն
ehh

ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։  «Փոխադարձ վստահություն,  միասնականություն  և պատասխանատվություն›› խորագիրը կրող  Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովը արդեն մեկնարկել է: Համաժողովի խորագիրը կամա-ակամա հաստատում է, ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև առկա փոխադարձ անվստահության  մասին։ Թե՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները այդ անվստահությունը փոխադարձ են համարում պետք է հստակեցնեն իրենք, որովհետև, եթե ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի անվստահությունը պայմանավորված է երկու տասնամյակների ընթացքում վերջիններիս վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընդորում նաև Սփյուռքի նկատմամբ որդեգրած անսկզբունք մոտեցմամբ, ապա ՀՀ իշխանությունների կողմից միլիոնավոր Սփյուռքահայերի նկատմամբ անվստահությունը, առնվազն, անբարոյականություն է։ Համաժողովի նախօրեին Սփյուռքի տարբեր հայկական համայնքների հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ, համահայկական կառույցների պատասխանատուներ և անկախ մամուլի ներկայացուցիչներ և այնուհետ նույնինքն համաժողովում մասնակցած դեմքեր առանձին հայտարարություններով, հարցազրույցներով և խմբագրականներով հայտնել են, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ կորսված վստահությունը կարելի է վերականգնել, ոչ թե համաժողովներով և հրաշունչ ճառերով , այլ միայն օրինապահ և պարկեշտ գործունեությամբ։ Այսօր Սփյուռքում համատարած կերպով տիրական է այն համոզումը, որ հայրենաբնակ ժողովրդի վստահությունը չվայելող ՀՀ իշխանությունները երբեք չեն կարող ակնկալել Սփյուռքի վստահությունը։ Երկրում շարունակվող մասսայական արտագաղթի պայմաններում՝ անհեթեթություն է խոսել Սփյուռքում հայապահպանության մասին։ Պետական ունեցվածքի, հանրային գույքի և ընդերքի թալանի պայմաններում, ՀՀ իշխանությունները չեն կարող ակնկալել Սփյուռքի ֆինանսական աջակցությունը, այդ մասին է վկայում նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի վերջին տարիների ողբերգալի վիճակը։ Սփյուռքահայությունը, և առաջին հերթին Սփյուռքահայ կիրթ և հայրենասեր երիտասարդությունը, ցանկանում է հայրենիքում տեսնել պետական գիտակցության տեր առաջնորդներ․ առաջնորդներ, ովքեր, թեկուզ քիչ հնարավորություններով, սակայն իրենց բարոյական կերպարով օրինակելի լինեն սեփական ժողովրդի, նամանավանդ, առաջնագծում կանգնած զինվորի համար։  Հայաստանում չի կարող երկար հարատևել իշխանության այն տեսակը, որ անհիմն մեղադրանքներով տարիներ կալանավորում է բողոքող հասարակական, քաղաքական գործիչներին։ Այս փաստը պետք է գիտակցեն այսօրվա և վաղվա յուրաքանչյուր ՀՀ իշխանություն, ու նաև իրենց սատարող պատեհապաշտ սփյուռքահայ պնակալեզները, ովքեր առանց ամաչելու և առանց Սփյուռքահայության 95%-ի մանդատի, հավակնում են «Համահայկական խորհուրդ» ստեղծել ՀՀ իրենց գործընկերների հետ։ Նման չակերտյալ «Համահայկական խորհուրդ»-ները, ինչպես Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի, արդեն իսկ վաղուց անգործունեության մատնված հանձնախումբը, դատապարտված են լուսանցքում ապրելու։ Սահմանագծի լարված իրավիճակում, ՀՀ բանակի և առաջնագծի բազում կարիքների և հայ զինվորի անապահովության պայմաններում, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպման ֆինանսական շռայլությունը, ինքնին խոսում է, որ կազմակերպիչները, որքան հեռու են սեփական ժողովրդի իրականությունից, այլապես Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի գլխավոր թեմաներից ինչպես կարող էր բացակայել Հայաստանից շարունակվող մասսայական արտագաղթը, ՀԱՅՐԵՆԱԼՔՈՒՄԸ, որ երկրի անվտանգության և գոյության առումով շատ ավելի ռազմավարական հարց է, քան հակառակորդի ռազմական ոտնձգությունները։ Այսօր մենք ազգովի հասել ենք մի սահմանագծի, երբ ոչ թե ձևական միասնությունների մասին խոսելով կամ ինքնակոչ ներկայացուցչական խորհուրդներ ու մարմիններ կազմելով, այլ միայն իրատեսությամբ, հոգատարությամբ, ուժերի լիիրավ համախմբմամբ ու համագործակցությամբ, մասնագիտական փորձի փոխանակությամբ և համերաշխությամբ, մեկ խոսքով՝ առաջին հերթին ներսից առողջացմամբ, կարող ենք ոտքի կանգնել, և որպես ինքնուրույն և ողջ հայության վստահությունը վայելող պետություն անկախ քաղաքականություն վարել։ Մենք Ազգովի միայն այդպես կարող ենք շարունակել մեր պատմական դժվարին ուղին: Միասնական ազգ-պետություն դառնալու, ազգային համերաշխություն ստեղծելու, արտագաղթը կանխելու հիմնական գրավականը երկրում սոցիալ-տնտեսական արդարության ապահովումն է, որի բացակայության պայմաններում ազգային միասնությունն ու համերաշխությունը, զարգացումն ու առաջադիմությունը, առավել ևս ՀՀ-Սփյուռք փոխվստահությունն ու համագործակցությունը լոկ կարգախոսներ ու անհասանելի երազանք են մնալու։ Եվրոպայի հայերի համագումարը խորապես համոզված է, մեր ողջ ժողովդրի և առաջին հերթին՝ հայրենիքի և սփյուռքի երիտասարդության արթնամտության, շրջահայացության և ինքնուրույնությանը, որ ապագայի մեր հաջողությունների հիմնական գրավականն են համարվում։ Մենք ողջունում և կրկին անգամ մեր սկզբունքային համերաշխությունն ենք հայտնում, հայրենիքում և Սփյուռքում բոլոր ինքնորույն անհատներին և կառույցներին, որոնք Հայաստանի հզորացումը, անվտանգությունը, ՀՀ-Սփյուռք իրական եղբայրությունն ու միասնությունն են երազում և այդ ուղղությամբ ջանք չեն խնայում։ Ազգի հիմնական խնդիրն ապագային ուղղված համոզումների և հույսերի միասնությունն է։ Եվրոպայի Հայերի Համագումար