Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդում են Սպիտակի վերջին հույսը. «Վաղը բանակը երկու անգամ կպակասի» (տեսանյութ)

Տնտեսություն
spitak-nkar

«Տեսեք, կոնստրուկցիաները քանդում իջեցնում են։ Սպիտակի վերջին հույսն այս գործարանն է, էս հույսն էլ կտրում են։ Մարդիկ ստիպված լքում-հեռանում են Սպիտակից, աղետյալ ժողովուրդ ա, ապրելու հնարավորություն չունի, փոխանակ աշխատատեղ ստեղծեն, ընդհակառակը, քանդում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Լոռու մարզի խորհրդային շրջանի ղեկավարներից Նորիկ Մուրադյանը։ Նա սրտի կսկիծով է ընդունել հարազատ քաղաքից հասած լուրերն ու շտապ հասել Լոռու մարզի Սպիտակ քաղաք։ Քանդում են «Սպիտակի վերելակաշինական գործարան»-ը։ Սարքավորումներն արդեն գործարանից տարել են, հերթը երկաթյա կոնստրուկցիաներինն է։ Իրագործող սեփականատերը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանն է։ Դեռ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «Սպիտակի վերելակաշինական գործարան»-ը մասնավորեցվել ու ցածր գնով տրվել է, ըստ լուրերի, հենց Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին։ Նորիկ Մուրադյանը մեկնաբանում է. «Այս ձեռնարկությունը վերցրել 650 000 դոլարով վաճառել են՝ առանց ժողովրդին տեղյակ պահելու, մի սուտ թերթում երևի մի տեղ հայտարարություն են տվել, բայց ժողովուրդն ինքը հանգանակություն կաներ ինքը գործարանը կառներ և կաշխատեցներ։ Ըստ 2003-ին կազմված մասնավորեցման փաստաթղթի՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը պարտավորվել է 2 տարվա ընթացքում կատարել 450 000 միլիոն դոլարի ներդրում, ապահովել 270 նոր աշխատատեղ՝ 35 000 դրամ միջին աշխատավարձով։ Սպիտակցիները, սակայն, որևէ դրական բան չտեսան նոր սեփականատիրոջից։ Սպիտակի բնակիչ Գևորգ Մկրտչյանն ասում է.  «Մարդիկ շնորհք չունեն կազմակերպելու ոչ մի բան, միայն էսօրվա համար մտածելով որոշել են վաճառել, իրենք իրենց փողը կառնեն, կգնան, աշխատատեղ չկա, դրա համար մարդիկ արտագաղթում են, դրա համար դպրոցներում աշակերտների թիվը երկու անգամ պակասել ա, դա նշանակում է՝ վաղը բանակը երկու անգամ կպակասի, սահմանին արդեն զինվոր չկա»։ Նորիկ Մուրադյանն ավելացնում է. «Գիշերներն էլ տեղափոխում են, որպեսզի ժողովուրդը չտեսնի, բայց արդեն ուշ ա»։ Սպիտակ քաղաքի բնակիչները թախիծով են նայում երբեմնի  իրենց եկամտի աղբյուր գործարանի ավերմանը։ 2003 թվի սեփականաշնորհումից հետո Ռոբերտ Քոչարյանն անձամբ է խոստացել գործարանը ոտքի կանգնեցնել։ Սպիտակում վերելակներ արտադրելու խոսք 2013-ին նաև Սերժ Սարգսյանն է տվել՝ երբ նախընտրական այցով այստեղ էր։ Բայց երկու նախագահի դեպքում էլ գործը  խոսքերից այն կողմ չանցավ։ Սպիտակցի Կառլեն Բիձիյանն ասում է. «Էսօր ժողովուրդը տեղ չունի, չեն աշխատում, սաղ պարապ-սարապ, մենակ մի թոշակի, մի նպաստի վրա են, աշխատանք չկա, թող ցեխը բացեին, բոլորն էլ կաշխատեին։ 13 տարի առաջ Մոսկվայից ընտանիքի հետ Հայաստան ներգաղթած Գևորգ Մկրտչյանը, տեսնելով հայրենի քաղաքին հասցվող վնասը մտածում է կրկին արտագաղթելու մասին. «Իշխանությունները երկրին վերաբերում են այնպես, ինչպես թշնամիները կվերաբերվեին բռնազավթած երկրին՝ ինչ կարողանում ենք՝ քանդենք տանենք, բայց սարքելու մասին չեն մտածում»։ Նորիկ Մուրադյանը հիշում է՝ «Սպիտակի վերելակաշինական գործարանը» կառուցեցին ինքն ու ընկերները։ Հիմնադրվեցին այլ գործարաններ ևս, Սպիտակը դարձավ ժամանակի արդյունաբերական կենտրոններից։ Նորիկ Մուրադյանը գործարանը վերագործարկելու համար պատրաստ է անել ամեն ինչ. «Եթե դադարեցնեն գործարանի կողոպուտը, վերադարձնեն տարածքները, ես պարտավորվում եմ բերել այստեղ մի քանի գործարանների մասնաճյուղեր, որին կառավարությունը համաձայնություն տա, էն էլ դնենք, աշխատեցնենք»։ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն այս ամենում իր մեղքի բաժինը չի տեսնում։ Ավելին՝ 2008 թվականին համայնքի ավագանին ուղերձով դիմել ՝ կառավարությանը, խնդրելով գործարան վերագործարկել։ Կոմբինատը պատասխանել է՝ գործարան կառուցելը նպատակահարմար չէ։ Քաղաքապետն էլ թույլատրել է քանդել գործարանի շենքը։  «Սեփականատիրոջ ցանկությունն էր քանդելը, և նպատակը նա է, որպեսզի սա հավաքվի Քաջարանում՝ իրենց կարիքները հոգալու»,- ասում է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։ Քաղաքապետը վերջում սփոփիչ լուր է հայտնում. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստացել է գործարանի տարածքում մարզադաշտ կառուցել։ Բացի այդ, ըստ քաղաքապետի, ազատված տարածքում Սպիտակի 32 բնակարանանոց հանրակացարանի բնակիչների համար կկառուցվեն բնակարաններ։