Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու «Քաոսից» բացի Այվազովսկու այլ կտավներ չբերվեցին Երեւան (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-designե

Ինչու Հայաստանի Ազգային պատկերասրահը բացի «Քաոսից» չբերեց արտեկրի այլ պատկերասրահներից կտավներ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առիթով: Տնօրեն Արման Ծատուրյանը պատասխանում է, որ նախ սա ծախսատար էր, բացի այդ ցուցադրության նպատակն է  ներկայացնել  մեր պատկերասրահի հավաքածուն։ Ազգային պատկերասրահի Այվազովսկու հավաքածուն, որը համարվում է երկրորդը Թեոդոսիայից հետո, ստեղծվել ու համալրվել է բացառապես նվիրատվությունների շնորհիվ: Առաջին 7 նկարները բերվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանից, որ անձամբ ճեմարանին էր նվիրել  ծովանկարիչը: 1925-ին ճարտարապետ Հակոբ Էքիզյանը պատկերասրահին նվիրում է Այվազովսկու ևս 4 նկար: Այնուհետև 1937-ին մի մեծ կտավ է նվիրում Բելգիայից Վահան Խորաշանջյանը: 1957 թվականին Հայաստանի պատկերասրահը հարստանում է Այվազովսկու միանգամից քառասունմեկ նկարով, որոնց նվիրատուն ֆրանսահայ գործարար Աբրահամ Ջինջյանն էր:  Վերջին նվիրատվությունը արվել է 1990-ականներին։   Սեպտեմբերի 14-ից բացված  ցուցահանդեսում ներկայացված են պատկերասրահի ֆոնդերում պահվող Այվազովսկու 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ: Բոլոր այն կտավները, որոնց ինքնությունը ճշտված է։ «Հաշիվը մենք լավ գիտենք, և եթե որևէ գործ չենք ցուցադրել, ուրեմն որոշ կասկածներ ունենք, որ դեռ ճշտված չեն»-ասում է Արման Ծատուրյանը։   Ռուսական արվեստի փորձագետ, Լոնդոնաբնակ Իվան Սամարինը, Այվազովսկու մասին գրել և հրատարակել է երկու աշխատություն, որ անգլերեն լեզվով առաջին էին։ «Վաղուց գիտեի այս պատկերասրահի հավաքածուի մասին, սակայն մի բան է ալբոմներում տպագրված նկարներ նայելը, մեկ այլ բան օրիգինալ կտավ տեսնելը»-ասում է նա։  Խոստովանում է՝  տպավորված է;  հատկապես նրան հիացրել էր ապարանջանը, որ Այվազովսկին նվիրել էր աղջկան։   Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում: Ցուցադրությունը բաց կլինի մինչև հունվարի 15-ը։