Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության մեջ ո՞վ է վախենում Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր ուժից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vahe-enfiajyan1

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում փորձում էր հաստատել տեղեկությունները, թե «Ծառուկյան դաշինքը» ընդդիմադիր խմբակցություն է: Ըստ նրա, իրենց ընդդիմություն է կարգել Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը. «Մենք մի շարք նախաձեռնություններ ունենք, որը որ իր մեջ արմատական փոփոխություններ է պարունակում»: Այս խմբակցությունը պարզերես է հայտարարում, որ ինքը կաշկանդված չէ քաղաքական որեւէ գործչի լավը ներկայացնելու մեջ: Իսկ թե ում կամ որ իրավիճակին է ընդդիմադիր խմբակցությունը, պարոն Էնֆիաջյանը կասի առանց երկմտելու. «Մեր 15 կետերը, որոնք ներկայացրել ենք հասարակությանը, որը որ մի քանի հարյուր հազար քաղաքացիների կողմից հավանության է արժանացել, իր մեջ պարունակում է ընդդիմադիր կեցվածք»: Չկա իշխանության այն քաղաքական դեմքը, որին, ըստ պարոն Էնֆիաջյան, խմբակցությունն ընդդիմադիր է. «Ոչ անձին, ոչ էլ երեւույթների հետ կապված մենք քննադատությամբ զբաղվելու ինքնանպատակ չենք համարել եւ նման զբաղմունքով չենք զբաղվել»: Գուցե կառավարությա՞նն է ընդդիմադիր «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը: Այստեղ էլ փոքրիկ խնդիր կա՝ մի քանի օր առաջ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընկերն է, եւ կոռեկտ չէ, որ ինքը ընկերոջը գնահատի. «Միջանձնյա փոխհարաբերությունները  քաղաքական դրսեւորումների եւ մոտեցումների հետ այդքան էլ չեն առնչվում»: Խմբակցությունում որոշում ունեն ունենալ մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնց հետ պետք է քննարկեն եւ վերլուծեն ամենատարբեր գործողությունները։ Իսկ այս ամենն ի՞նչ կապ ունի ընդդիմություն լինելու հետ, իշխանության մեջ ո՞վ է վախենում Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր ուժից. «Տնտեսական այն առաջարկությունները, որոնք որ մեր գործընկերներն են ներկայացրել, կառավարության ներկայացուցիչները ոչ միայն մտահոգվել են, այլ նաեւ ցանկություն են հայտնում հանդիպելու, ավելի խորքային ուսումնասիրելու այն հիմնական մոտեցումները, որոնք որ ներկայացնում են մեր գործընկերները»: Ի դեպ, պարոն Էնֆիաջյանը չի մոռանում ասել, որ իրենք դեմ են քվեարկում նաեւ որոշ օրինագծերի: Իրենք նաեւ վարման կարգից են օգտվում, որպեսզի ասեն, որ կողմ են կամ դեմ տվյալ օրինագծին: