Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտածող սրտի դերասանը. Դավիթ Հակոբյանը դարձավ 60 տարեկան

Հասարակություն
1-8

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը խաղում էր Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» ներկայացումը: Առաջին հատվածից հետո ներկայացումն անսպասելիորեն ընդհատվեց. բեմ մտավ մեկ այլ՝ «Օսկար» ներկայացման դերակատարներից մեկը. Դավիթ Հակոբյանը, համպատրաստի սկսեց խաղալ այդ ներկայացման տեսարանը: Այնուհետև հաջորդեց մյուս՝ «Լեռնային կակաչներ» ներկայացումը, որը դերասանը խաղացել է 31 տարի առաջ: Դավիթ Հակոբյանը չի շփոթվում. նույն եռանդով ու զգացմունքայնությամբ շարունակում է խաղալ՝ Ենոքի դերում: Կրկին փոփոխություն՝ հիմա էլ բեմում են «Կարոտ» ներկայացման խաղընկերները. դերասանը սահուն կերպով այժմ էլ անցնում է ռանչպար Առաքելի դերակատարմանը:  Համազգային թատրոնի դերասանական կազմի անակնկալը Դավիթ Հակոբյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հաջողված է, փորձությունն էլ հաղթահարված։ Դերասանը տարբեր տարիներին խաղացած դերերի միջոցով անձամբ հանդիսատեսին ներկայացրեց իր ստեղծագործական դիմանկարը։     2  «Սա մեծ դերասանի բացառիկ վարպետաց դաս էր»…, - հայտարարեց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը։ Թատրոնի  դերասանների մտահղացումն էր՝ որոշել էին փորձել ու հասկանալ՝արդյո՞ք նա կկարողանա րոպեների ընթացքում վերհիշել իր՝ տարբեր տարիների ընթացքում խաղացած դերերը... կային դերեր, որ նա շատ վաղուց չէր խաղացել: Եվ միայն վարպետը կարող էր դա անել: Հայ բեմը միշտ ունեցել է տաղանդներ, բայց ունեցել է նաև ունիվերսալ դերասաններ: Բաբկեն Ներսիսյանը Սունդուկյանի բեմում մի օր Ադոլֆ Հիտլերի դերում էր խաղում, մյուս օրը՝ Նապոլեն Բոնապարտի: Դավիթն էլ մի օր խաղացել է ռանչպար գյուղացի Առաքելի, մյուս օրը՝ ազնվական Կլավդիոս արքայի դերը...սա բացառիկ շնորհ ու տաղանդ է, որով օժտված է նա»:   3 Դերասանի համար գործընկերների մտահղացումն իսկապես անակնկալ էր. Խոստովանում է՝ բարձրացել էր բեմ՝ մեկ ներկայացման մեջ խաղալու, սակայն ենթարկվեց իսկական փորձության: «Այսօր ես ապրեցի իմ ամենահուզիչ օրերից մեկը, ես այս ամենից տեղյակ չէի, կեսից ինձ թվաց, թե «կոշմառ» է սկսվել, մտածում էի՝ ոնց որ թե լավ էի, էս ինչ եղավ, բայց միաժամանակ այդ ամենն այնքան հաճելի էր…»։ 4 Համազգային թատրոնում Դավիթ Հակոբյանին շնորհավորելու էին եկել ընկերները, թատերական աշխարհի ներկայացուցիչներ, վարպետի ուսանողներն ու  իհարկե նրա արվեստի սիրահարները, երկրպագուները։ Գործընկերները հիշեցին դերասանի հետ անցկացրած հիշարժան դեպքերը՝ այդկերպ ներկայացնելով Դավիթ Հակոբյան մարդուն ու դերասանին: Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մեծ արվեստագետը նա է, ով իր մասին ունի շատ ավելի համեստ կարծիք, քան շրջապատը։ «Դավիթը մեծ արվեստագետ է, նրա մեծությունը ստեղծում է նրա շրջապատը,  հանդիսատեսը, հանրությունը՝ առանց ճնշման ու թելադրանքի»։ 5 Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ խոստովանեց, որ մտորում էր ու ուզում էր հասկանալ՝ ինչ դերասան է Դավիթ Հակոբյանը. «Դերասանն անշուշտ խելք է, միտք է, հոգի է, սիրտ է... ու հանկարծ գտնում եմ՝ Դավիթ Հակոբյանը մտածող սրտի դերասան է, նրա սիրտը մտածում է, և միտքն էլ սրտով է լցված: Այստեղ է Դավիթ Հակոբյան մեծ դերասանի գաղտնիքը»։  Դավիթ Մուրադյանը նկատեց, որ թեև դերասանն առանց նարցիսիզմի չի լինում, սակայն Դավիթ Հակոբյանի դեպքում հակառակն է. լինելով տաղանդավոր,   այս մարդը չունի այդ նարցիսիզմը։ «Նա ապրում է թատրոնում, քանի որ ուրիշ էլ որտեղ  ապրի։  Դավիթին սիրում են երիտասարդները, իսկ դա լուրջ գնահատական է։ Նա այսօրվա երիտասարդի համար պահանջված ու սիրելի է, ինչը նրա՝ ոչ միայն դերասանի, այլև մանկավարժի բարձր գնահատականն է»։ Պարզ ու մաքուր, անկեղծ ու բարի, հավատարիմ ու վստահելի. այսպիսին են բնորոշում նրան ընկերները։ «Բացառիկ ամուսին, բացառիկ հայր ու պապիկ։ Սխալ կարծիք կա դերասանների մասին, թե նրանք չեն կարող ընտանիք կազմել. Դավիթ Հակոբյանն իր օրինակով եկավ հերքելու այդ բամբասանքը ու ապացուցելու, որ դերասանի ընտանիքը խարխուլ չէ։ Իմ ճանաչած ամենաներդաշնակ ընտանիքի հայրն է Դավիթ Հակոբյանը», - նշեց Վիգեն Չալդրանյանը: 6 Շնորհավորանքներին ու հուշերին հետևեցին պարգեւները. Թատերարվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ ավանդի համար Դավիթ Հակոբյանին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ: Թատերարվեստին մատուցած ծառայությունների համար դերասանն ստացավ Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, որը նրան հանձնեց ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Դավիթ Մուրադյանն էլ դերասանին հանձնեց Թատրոնի և կինոյի ինստիտուտի պատվավոր շրջանավարտի մեդալը։ 7 Դավիթ Հակոբյանը մարմնավորել է  ավելի քան 60 դեր,  նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Երեք անգամ արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան»: