Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիչարդ Միլս. «Ցանկանում ենք կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարությունից արդյունքներ տեսնել»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
despan-nkar-2

Ամերիկայի Միացյալ նահանգները կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանություններից առավել  վճռական քայլեր է ակնկալում։ «Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասում է. «Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանում է ի վերջո արդյունքներ տեսնել կոռուպցիայի դեմ պայքարում։ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում տեսել ենք կոռուպցիայի հետ կապված գործեր դատավորների նկատմամբ։ Այդ գործերը դեռ քննության ընթացքում են, և դրանց վերջնական հանգուցալուծումը չկա։ Պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական, ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց վերաբերյալ, ովքեր միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում»։ Ամեն տարի ԱՄՆ-ն 3 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Հայաստանի իրավական համակարգին։ Բայց Հայաստանի քաղաքացիներն էական փոփոխություններ չեն զգում։ Ըստ դեպանի՝ սա չի նշանակում, որ տրամադրվող գումարները չեն ծառայում նպատակին։  «Եթե ես վստահ չլինեի, որ միջոցները արդյունավետ են ծախսվում, չեն օգնում առաջ շարժվել դատաիրավական բարեփոխումների ասպարեզում, ապա հենց հաջորդ օրը ես ծրագիրը դադարեցնել կտայի։ Դատաիրավական համակարգում վստահության ձևավորման, անաչառության կայացմանն ուղղված աշխատանքները երկար ժամանակ են պահանջում, և նաև բարդ է այդ ոլորտում աշխատանքներ իրականացնելը։ Հայաստանում հենց այդպես էլ ընթանում են այդ աշխատանքները, սա, սակայն, արդարացում չէ։ Բայց, այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ դատաիրավական համակարգը չի գտնվում այնտեղ, որտեղ մենք կուզեինք այն տեսնել»,- ասում է դեսպանը։ Ըստ Ռիչարդ Միլսի՝  համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել իրավապահների աշխատանքում դրական տեղաշարժեր ապահովել։ Բայց դեսպանը չի մոռանում նախորդ 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցածը։ Ինքն անձամբ է այցելել հիվանդանոցներ ու տեսակցել ոստիկանական գործողություններից վիրավորվածներին. «Ես շատ ցնցող բաներ տեսա։ Մինչ այդ օրը ոստիկանությունը կարծես բավականին լավ իրականացնում էր իր աշխատանքը՝ հնարավորություն տալով մարդկանց խաղաղ հանրահավաքների միջոցով իրենց բողոքն արտահայտել, և տեսնելով այդ բռնությունները դա շատ հուսախաբ արեց մեզ»,- ասում է Ռիչարդ Միլսը։ Դեսպանը հետևում է ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբի անդամների, ինչպես նաև ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարություններին։ Իրեն իրավունք չի վերապահում խորանալ քրեական գործի մանրամասների մեջ, բայց ակնկալիք ունի, որ կապահովվեն մարդու իրավունքներն ու պատշաճ դատավարական ընթացակարգերը. «Սասնա ծռերի գործի հետ կապված դատավորները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ամբաստանյալներին, որովհետև նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր ոստիկանական գնդի գրավմանն ու բռնություններին չեն մասնակցել, և նրանց նախնական կալանքի տակ պահելու համար դատավորները պետք է հավելյալ հիմքեր ունենան»։ Հայաստանում կալանավորված ԱՄՆ-ի քաղաքացի կա՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը։ Նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ։ Եղնուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Կրկին գործի մանրամասներում չխորանալով՝ Ռիչարդ Միլսը արդար դատաքննության ակնկալիքն է հայտնում. «Նախնական կալանքը պետք է հիմնավորված լինի նրանով, որ ազատության մեջ թողնելը կարող է վտանգ ստեղծել հասարակության համար, կարող է փախուստի վտանգ պարունակել կամ ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտներ ստեղծել գործի քննության համար։ Հաճախ նկատում ենք, որ Հայաստանում նախնական կալանքն ամբաստանյալների նկատմամբ կիրառվում է առանց վերոհիշյալ երեք գործոնների փաստացի առկայությունը հիմնավորելու»։ Հայաստանում ներդրումներով հետաքրքրված ամերիկացի գործարարները դեսպան Ռիչարդ Միլսի հետ կիսվել են, թե ինչու են վարանում Հայաստան գումարներ բերելու հարցում։ Դեսպանը պատմեց. «Ամերիկյան ընկերությունների համար անչափ կարևոր է, որ եթե բիզնեսի հետ կապված որևէ դատավեճ լինի, դատարանը կարողանա այնպիսի մոտեցում ցուցաբերել, ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվեր մնացածների նկատմամբ»։ Հայաստանում ԱՄՆ դեսպանին հույս է ներշնչում, որ երկու երկրների կառավարությունների մակարդակում կա հետաքրքրություն՝ զարգացնելու գործարար-տնտեսական կապերը։