Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է. Արցախպրես

Քաղաքականություն
72512

2016-2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ նրանցից 10 շրջանավարտ ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 1 աղջիկ էլ ընդունվել է Ա. Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ՝ մնացածները ՌԴ տարբեր ուսումնական հաստատություններ: «Այս  տարի  ընդունված  56  սանից   7-ն   աղջիկներ են. նրանք անցել  են   նախնական   զինվորական  պատրաստության  կատարելագործման  դասընթացներ: Նախորդ  տարվա  համեմատ այս  տարվա    ընդունվածների  կրթական  մակարդակը  որոշակիորեն      բարձր  է, որն  էլ    հեշտացնում   է կրթադաստիարակչական  աշխատանքները: Տարեցտարի  ավելանում  է  վարժարան  ընդունվող  աղջիկների  թիվը.   այս  պահին  վարժարանում  սովորում  է  17   աղջիկ: Աղջիկների  մուտք  վարժարան՝   ազդում   է  տղաների  պահվածքի, խոսքի  կուլտուրայի վրա, խթանում  գրական-գեղարվեստական  միջոցառումների  կազմակերպմանն  ու    անցկացմանը»,-նշել  է  Վ. Հակոբյանը: Ռազմամարզական  վարժարանի    հայոց  պատմության  և  հասարակագիտության  դասախոս    Ալյոնա   Գրիգորյանը,  խոսելով   կրթարանի  ուսուցման   պրոցեսի  մասին,    նշել  է, որ  վարժարանում  դասավանդում  են    ընդհանուր    հոսքի  առարկաներ, սակայն   շեշտը  դրվում  է  բնագիտական  առարկաների  վրա: «Մինչ  ուսումնական  տարվա  մեկնարկը   1  շաբաթ  ժամկետով  աշակերտները   գալիս  են   վարժարան  և  ծանոթանում   նախնական  զինվորական  պատրաստություն (ՆԶՊ)   առարկային:  Այդ  ժամանակամիջոցում  ծանոթանում   են նաև վարժարանի  ներքին   կարգուկանոնին: Իսկ  արդեն  սեպտեմբերից, որպես  վարժարանի  սան   կանոնավոր   հաճախում  են դասերի»,- մասնավորապես  ասել է  Ա. Գրիգորյանը: Առաջին  կուրսի  ուսանող  Բորիս  Ջալալյանը    մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ   մանկուց  է  երազել  զինվորական  կրթություն  ստանալու  մասին: «Ընտանիքս    համաձայնել  է, որ ընդունվելով    ռազմամարզական  վարժարան իրականացնեմ   իմ երազանքը:  Հեշտությամբ  եմ   հարմարվել    վարժարանի  կարգ  ու  կանոնին, ձեռք  եմ  բերել  նոր  ընկերներ: Ինձ  լավ եմ   զգում, որովհետև   մեզ  հետ  աշխատում  են    փորձառու, գրագետ   սպաներ, ովքեր  ցուցաբերում  են   բարիացակամ  վերաբերմունք: Վարժարանն  ավարտելուց  հետո    որոշել  եմ   ուսումս  շարունակել  բարձրագույն   ուսումնական  հաստատություններում»,-ասել  է  Բ. Ջալալյանը: Վարժարանի  երրորդ  կուրսի  սան   Ինգա  Եփրեմյանը երազում  է դառնալ   զինվորական  իրավաբան, պաշտպանել  զինվորների  և   սպաների  իրավունքները: «Ես  ևս  հարմարվել եմ  վարժարանի  առօրյային:  Տղաների  հետ  մեր   շփումը  լինում  է  միայն  դասերի  ժամանակ: Մեր՝  աղջիկներիս   ներկայությունը  տղաների   վարքի  վրա   շատ    դրական    է  ազդում»,-նշել  է  Ի. Եփրեմյանը: Իսկ  Արփինե  Ավանեսյանն  էլ    ասել  է, որ  իր  ռազմական կրթություն  ստանալու  որոշումը   առաջացել  է    ապրիլյան  պատերազմից  հետո.  այդ  օրերի  ծանր  կորստյան    ցավը,  հաղթանակի հպարտությունն  անտարբեր   չի  թողել  ոչ  ոքի: «Եթե  մենք  միասին   ենք, ուրեմն  անկոտրում  ենք. մեզնից  յուրաքանչյուր  ոք   այսպես    է  մտածում  և   պատրաստ  է հաղթանակների: Ես   խորհուրդ  եմ  տալիս  բոլորին, որ  ընտրեն  զինվորականի   մասնագիտություն: Ինձ  ոգևորողը  հայրս  էր.  նա  երազում  է, որ  իր  աղջիկը   մի  օր    կդառնա   գեներալ»,- անկեղծացել  է  Ա. Ավանեսյան: Երկրորդ  կուրսի  ուսանող  Ռոբերտ  Պողոսյանն  իր  խոսքում   նշել  է,  որ  ինքը  ցանկություն  ունի  կրթությունը   շարունակի  ՌԴ-ն ռազմական ոստիկանությունում:   «Այստեղ՝  ռազմական   վարժարանում  մենք   տղամարդ  ենք   դառնում,  ձեռք  բերում  կամքի ուժ  և  տոկունություն,  որպեսզի  իշտ  պատրաստ  լինենք  հայրենիքի   պաշտպանության  համար  նվիրվելու»,-Ռ. Պողոսյան: Artsakhpress.am