Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցադրության արգելքի մասին նախարարի ու փոխնախարարի պարզաբանումները չեն համընկնում (տեսանյութ)

Քաղաքականություն
amiryan

Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի թեմայի առնչությամբ Մշակույթի նախարարությունը որեւէ առարկություն չունի. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը՝ վստահեցնելով, որ այդ ցուցահանդեսը փակվել է, քանի որ նախապես համաձայնեցված չի եղել նախարարության հետ. «Ցանկացած ցուցադրությունից առաջ, լինի ժամանակավոր, թե մշտական, թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին: Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային ներքին կանոնակարգին է վերաբերում»: Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ թանգարանի տնօրինությանը նրանք առաջարկել են նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից վերաբացել. «Բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք, կարող է  վերաբացվել հենց նույն բովանդակությամբ», - շեշտեց նախարարը: Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարը նշեց, թե որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ. «Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա», - վստահեցրեց Արմեն Ամիրյանը:  Օրեր առաջ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը  հայտարարել էր, որ  ցուցադրությունը փակվել է, քանի որ այն քաղաքականացված է: Այս հայտարարության մասին Արմեն Ամիրյանն ասում է. «Ես չգիտեմ ինչպես է մեկնաբանվել դա, ես երեկ գիշեր եմ եկել, արձակուրդում էի, թույլ տվեք հասկանամ, եւ կասեմ»: