Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք». գյուղացու պարտքը կզիջեն (տեսանյութ)

Տնտեսություն
Karavarutyan-nist1

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին: Խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վստահեցրեց, որ 2017-ին ոչ մի դրամ պարտք չի եղել, զեկուցեց նաև, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն, սակայն դեռևս ցուցակները հստակ չեն. «Մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել Կառավարություն», - ասաց նախարարը: https://youtu.be/zLP-t7sLii4 «Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը», - հայտարարեց Կարեն Կարապետյանը, այնուհետև մարզպետներին հանձնարեց մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել: Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարեց պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառման վերաբերյալ: «Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ», - նշեց վարչապետը: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակներին, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել. «Կան գյուղապետեր, որոնք չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ այսօր Հայաստանում չեն: Մենք նախորդ տարի ցուցակ ներկայացրել ենք, դա 12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, որոնք ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել», - ասաց Դավիթ Լոքյանը: Իմանալով, որ խնդիրը գյուղապետերն են, վարչապետը հանձնարարեց. «Դե վսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը, նայեք, որպեսզի նկարչություն չլինի»։