Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ում չգիտեն, թե որտեղ է վարչապետը ներդրել 830 միլիոնը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan.jpg4_

Վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գնահատում է հաջողված, թեպետ տարին նախընտրական էր. «Աշխատանքները կարծես թե այնպես չէին դասավորվում, ինչպես որ ցանկալի էր եւ ընտրական գործընթացներից առաջ սովորաբար տնտեսական որոշակի ակտիվության նվազում մեզ պետք է որ անպայման հետապնդեր: Ընտրություններից հետո եւս որոշակի ժամանակահատվածում այդ ակտիվությունը հնարավոր չէ վերականգնել»: Հանրապետական պատգամավորը այն մարդկանցից է, որը տեսնում է տնտեսական առաջընթացը: Ոչ մի դժվարություն չի ներկայացնում նրա համար ասել, թե հատկապես որ ոլորտում է  արտահայտվել առաջընթացը. «Հատկապես տեսնում եմ արտադրական ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, ներդրումների որոշակի աճի տենդենց»: Հիշեցնենք, որ Ազգային Վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 6 տոկոսով: Պարոն Մելիքյանը չի պնդի նաեւ, որ Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում փոքր-ինչ պակասել է արտագաղթը, բայց դա, ինչպես ակնարկում է պատգամավորը, արդեն Կարապետյանի մեղքը չէ, մարդիկ են անհամբեր. «Ես տեսնում եմ մարդկանց ցանկություն որքան հնարավոր է շուտ ավելի լավ ապրելու»: Հանրապետականը հիշեցնում է, որ Հայաստանը շրջափակված պետություն է եւ կուսակցությունում դեռ մտածում են այնպիսի քայլերի մասին, որոնք թույլ կտան շրջափակման պայմաններում զարգանալ. «Ես համոզված եմ, որ դա պետք է լինի շատ ավելի աշխատատար եւ գիտատար ոլորտներում ներդրումային դաշտի ավելացումը»: Հանրապետականում սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե Հայաստանում որտե՞ղ է վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրել նախորդ տարվա սեպտեմբերին խոստացված 830 միլիոն դոլարը»։ «Կարող եք դուք էդ հարցն ուղղել մեր գործընկերներին»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովը նույնպես դժգոհ չէ կառավարության մեկ տարվա գործունեությունից, նախարարները հաճախ են հանդիպում լրագրողների հետ եւ տեղեկացնում, որ աշխատում են: Սակայն Հանրապետականում չկա մեկը, որը կպնդի, որ Կարեն Կարապետյանը պետք է պաշտոնավարի նաեւ 2018-ի ապրիլից հետո. «Մենք ում կնշանակենք վարչապետ, դա մեր խնդիրն է»: Պարոն Շարմազանովը հիշեցնում է՝ Հանրապետականի թիվ մեկ հեղինակությունը Սերժ Սարգսյանն է, բայց հաջորդ տարի ով էլ լինի վարչապետ, պատասխանատուն Հանրապետականն է: