Պետությունը թատրոնի համար գումար չունի (տեսանյութ)

Հոբելյանական թատերաշրջան, որ կբացվի հոբելյանական ներկայացմամբ: Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի 80-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, ավանդույթի համաձայն՝ Գրիգորի Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումով, որի պրեմիերան  կայացել է 1991-ին: Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի խոսքով՝ Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած ներկայացումը դարձել է թատրոնի այցեքարտը: Կխաղան 200-րդ անգամ: Ներկայացումը ամենատարբեր պարգևների է արժանացել, սակայն ամենակարևոր պարգևը նրանց համար, թերևս Լենկոմի թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի  հիացական գովեստի խոսքերն են եղել, երբ Երևան կատարած այցի ժամանակ նա դիտել է ներկայացումը:

Հոբելյանական թատերաշրջանում կունենան պրեմիերաներ: Սեպտեմբերի 23-ին «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացման պրեմիերան է: Բեմադրում են նաև Միշել Թիբոյի «Իդեալական տղամարդը» կատակերգությունը: Իսկ տարեվերջին կներկայանան ամանորյա նոր հեքիաթ-մյուզիքլով:

Հոբելյանական միջոցառումներն ու երեկոն, որ պետք է նշեին նոյեմբերի 15-ին, քանի որ հենց այդ օրը 80 տարի առաջ թատրոնն իր դռները բացեց առաջին հանդիսատեսների համար, ամենայն հավանականությամբ կհետաձգեն, քանի որ մեկնելու են հյուրախաղերի:

Ինչ վերաբերում է թատրոնի վերանորոգման և տեխնիկական վերազինման խնդիրներին, որ այս տարի պետք է իրագործվեր, հետաձգվում է անորոշ ժամանակով, քանի որ պետությունը գումարներ առայժմ չի կարողացել հատկացնել:

Ֆրեդ Դավթյանը հուսով է, որ հանդիսատեսի պակաս թատրոնը չի ունենա:

 

loading