Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոմեդի քլաբի տեքստ՝ արգելվում է շյուղեր մտցնել դատարան». ում են մեղադրում փաստաբանները (տեսանյութ)

Քաղաքականություն
pastaban1

184 փաստաբան այսօր չի ներկայացել դատական նիստերի։ Նրանք  մեկօրյա  գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի, որ  հայտնի գործերով  դատարաններ մտնելիս  նրանց խուզարկում են: «Վերաբերմունքը դեպի փաստաբաններ ցույց տվեց՝ ինչպես է պետությունը մեզ արժեւորում, մենք համարվում ենք թույլ օղակ, ում գլխին ամեն ինչ կարելի է անել: Ստորացուցիչ զննություն է: 15 տարի է՝ գնում եմ դատարան, հիմա պարզվեց, որ կարամ նռնա՞կ տանեմ»,- նշում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանների նկատմամբ խտրական վերաբերմունքը ՝ նաեւ փաստաբանների պալատի անգործության արդյունքն  է՝ հայտարարում են իրավիճակը գնահատելու համար հավաքված փաստաբանները։ Նրանց  կարծիքով՝ պալատը իրենց ոչ մի կերպ չի աջակցում. «Եթե փաստաբանների պալատի նախագահն ի սկզբանե իր դիրքորոշումն արտահայտեր եւ իրականացներ փաստաբանների պալատի հիմնական գործառույթը, այն է՝ փաստաբանների իրավունքների պաշտպանությունը, այս խնդիրը արագ հանգուցալուծում կունենար:  Բայց ի՞նչ եղավ, սկսեցին քննարկել՝ խուզարկություն է, թե զննություն, ու փաստաբանների պալատի նախագահի թեթեւ ձեռքով ստացվեց, որ զննություն է»,- ասում է փաստաբան  Մուշեղ Շուշանյանը։ Փաստաբանների պալատի նախագահը համաձայն չէ: Նա օրենքի տարրով է գործում ու փորձում է հարցը լուծել առանց  ծայրահեղ քայլերի: «Ես անկեղծ ասեմ, այդպես եմ մտածում, դա խուզարկություն չէ, ես քննարկել եմ բազմաթիվ կոլեգաների հետ,  խուզարկությունն այն կլիներ, երբ հսկիչը առանց հարցնելու  մտցներ ձեռքը ձեր պայուսակը կամ գրպանը ու վերցներ իրերը»,- ասում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ  Դատարանների նախագահների խորհուրդը երեկ  հրապարակել է փաստաթուղթ, որտեղ նշել է այն իրերի ցանկը, որոնք փաստաբանը իրավունք չունի իր հետ մտցնել նիստերի դահլիճ: Այս փաստաթուղթը  փաստաբանները զավեշտալի են  համարում: «Դա պարզապես քոմեդի քլաբի տեքստ է, պատկերացնո՞ւմ եք, աշխարհով մեկ հումոր գնա, որ Հայաստանի դատարաններում արգելվում է ներս մտցնել շյուղեր՝ գործելու համար, մենք երեւի խասյաթ ունենք դրանով մտնելու, հա՞»,- նշում է  Տիգրան Աթանեսյանը: Թե որոնք կլինեն փաստաբանների հետագա գործողությունները՝ դեռ կքննարկվեն, նրանք չեն բացառում, որ կշարունակեն  գործադուլը: