Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պավել Մանուկյանի հետ անձնական շփում չեմ ունեցել». Անդրիաս Ղուկասյան. Առավոտ

Հասարակություն
Andrias_Gukasyan

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է: Նախ, դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց մերժել Անդրիաս Ղուկասյանի՝ նախորդ նիստում դատավոր Պետրոս Պետրոսյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դա նշանակում է, որ Պետրոս Պետրոսյանն է շարունակելու գործով հանդես գալ որպես մեղադրող-դատախազ: Ապա ճշտվեց ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը: Նա ասաց, որ 3 երեխա ունի, մեկը՝ անչափահաս: Նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում: Ապա Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն կատարեց, որում ասվում է՝ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ Անդրիաս Ղուկասյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է: «Ըստ միջնորդության՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. դեկտեմբերի վեցի սահմանադրական հանրաքվեի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ծրագրում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների, եւ որ նրան օժանդակել են Պավել Մանուկյանը եւ Վիկտոր Դավթյանը: Նախ, այդ ժամանակ անհնազանդություններ չկային…Ոստիկանությունը հեռախոսազանգերի վերահսկողության միջոցով ակնկալել է ստանալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա կանխել իբր թե նախապատրաստվող հանցագործությունը: Դատարանի որոշմամբ հեռախոսազանգերը գաղտնալսելը թույլատրվել է երկու ամիս ժամկետով: Միջնորդության հիմքում սուտ եւ անհեթեթ տեղեկություններ են: Ես երբեւէ զանգվածային անկարգություններ չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի եւ Վիկտոր Դավթյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարները չեմ ունեցել, նրանց հետ չեմ զրուցել: Սուտ տեղեկությունների հիման վրա իմ հանդեպ հարուցվել է կեղծ քրեական գործ, որի ընթացքն անգամ ինձ հայտնի չէ: Ոստիկանությունն անօրինական վերահսկողություն է սահմանել իմ անձնական եւ քաղաքական կյանքի եւ գործունեության հանդեպ»,-պնդեց Անդրիաս Ղուկասյանը՝ միջնորդելով, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք շինծու են: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով