Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախյան մրցույթը նվիրված է Զաբել Եսայանի ժառանգությանը

Հասարակություն
pic2

Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղի Զաբել Եսայանի անվան միջնակարգ դպրոցում «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» կազմակերպած միջոցառման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է մարդու իրավունքների վերաբերյալ աշակերտական շարադրությունների 2-րդ հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել Արցախի բոլոր դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտները:

Այս տարի մրցույթի գործընկերներն են «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը» և ԱՄՆ-ում գործող «Հայկական հետազոտությունների ազգային ասոցացիան» (NAASR): Մրցույթը նվիրված է 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը, և դրա խորագիրն է «Ինչու են մարդու իրավունքները կարևոր. իմ ապրած իրականությունը և Զաբել Եսայանի փորձառությունը»: Մրցույթի համակազմակերպիչ Ջուդիթ Սարյանը (ԱՄՆ) ընդգծել է, որ «Զաբել Եսայանի ժառանգությունն օգնելու է Արցախի դպրոցականներին մարդու իրավունքների համար  պայքարն ընկալելու որպես մեզ բնորոշ մշակութային և պատմական ավանդույթ»։ Մրցույթին ներկայացվող շարադրությունը պատրաստելու համար անհրաժեշտ է ընթերցել և օգտագործել Զաբել Եսայանի «Սիլիդարի պարտեզները» ստեղծագործությունից քաղվածք պարունակող նախնական նյութը (http://www.ombudsnkr.am/docs/Zapel_Esayan.pdf): Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 30-ը: Մրցույթի կանոններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝http://ombudsnkr.am/docs/2017_KARG.pdf: Շարադրությունները գնահատելու նպատակով կազմավորվել է մրցութային հանձնաժողով, որում ներգրավված են հանրային գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից, այդ թվում՝ Զաբել Եսայանի թոռը՝ ԵՊՀ դոցենտ Ալեքսանդր Եսայանը, իտալահայ ականավոր գրող Անտոնիա Արսլանը, ԱՄՆ հայ իրավաբանական միության ներկայացուցիչ Գարո Ղազարյանը, Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Արփի Վարդանյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ։ Ինչպես անցյալ տարի՝ մրցութային հանձնաժողովի նախագահն է Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը: pic1 Շարադրությունները գնահատելիս կարևորվելու են ստեղծագործական մոտեցումը, նախնական նյութի իմացությունը, աշխատանքի ինքնատիպությունն ու վերլուծականությունը:  Հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով, եզրափակիչ փուլ անցած մասնակիցները՝ անվանական հատուկ մրցանակներով, իսկ մյուս բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ