Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժիշտն իր շվիով գումար է հավաքում վիրահատության համար

Հասարակություն
shvi

Առավոտյան Երևան, Հյուսիսային պողոտա, ու լսվում է  շվիից արձակվող հայկական մեղեդին:Նվագողը 70-ամյա Վոլոդյա Գաբրիելյանն է, որն արդեն 2 տարի է, ինչ տառապում է կատարակտ կոչվող աչքի հիվանդությամբ: Նրա դիմաց ցուցանակ կա. «Գումարը աչքերիս վիրահատության համար է»: «Ա 1 +»-ի հետ զրույցում Վոլոդյան պատմում է. «Ես ծնունդով Արցախից եմ՝ Գետաշենից: Հայրս դուդուկահար էր, ու դեռ օրորոցից լսել եմ երաժշտության ձայնը: Այդպիսի միջավայրում մեծանալով՝ ես ու եղբայրներս նույնպես սկսեցինք նվագել: Ես ամուսնացած եմ, բայց հիմա բաժանված եմ կնոջիցս: Երկու տղա ունեմ, որոնք ապրում են իրենց ընտանիքների հետ, նրանց նույնպես երաժշտական կրթության եմ տվել: Հիմա նրանք պրոֆեսիոնալ երաժիշտներ են:Սովորաբար մարդիկ ունենում են մեկ մասնագիտություն, բայց ես կարող եմ ասել՝ ինչ մասնագիտությամբ չեմ աշխատել: Միայն տիեզերագնաց չեմ եղել, մնացած բոլոր մասնագիտություններով աշխատել եմ: Ապրել եմ Ուզբեկստանում ու Ռուսաստանում: Արդեն 2 տարի է, որ աչքերս խավարել են ու սկսել եմ իմ օրվա հացը վաստակել շվի նվագելով»: Վոլոդյան չի ամաչում փողոցում գումար աշխատելուց, քանի որ ոչ ոքի ձեռք չի մեկնում, այլ երաժշտությամբ վաստակում է իր օրվա հացը: «Սկզբում կոմպլեքսավորվում էի, բայց հետո տեսնելով, որ շատերը ձեռք են մեկնում, իսկ ես լուռ նվագում եմ, ու մարդիկ ինքնակամ ինձ վարձատրում են, դարձավ հաճելի աշխատանք: Միայնակ եմ ապրում ու վաստակածս գումարն ինձ բավական է: Ես սրանով հավաքում եմ գումար իմ վիրահատության համար: Արդեն հավաքել եմ գումարի 1/3 մասը, բայց վախ ունեմ, քանի որ բժիշկն ասաց՝ այս վիրահատությունից հետո տեսողության վերականգնումը 50:50 է»: Վ.Գաբրիելյանը ունի միայն մեկ երազանք. «Ուզում եմ, որ խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն»: Մի երազանք էլ ունեի, որն արդեն փաթաթել ու մի կողմ եմ դրել՝ միշտ երազել եմ գոնե մեկ անգամ լինել Եվրոպայում: Ուզում էի տեսնել, թե այնտեղ մարդիկ ինչպիսին են ու ինչով են տարբերվում մեզանից: Չեմ հավատում, որ դա իրականություն կդառնա: Հիմա այլևս չեմ երազում այդ մասին»: