Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի շատ ենք ուզում ցույց տալ մեր ստրկությունը, քան Ռուսաստանը պահանջում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
rusastan

Հայաստանն արդեն  չի կարող գոյատեւել առանց հզոր պետության աջակցության: «26 տարվա ընթացքում մենք  կարող էինք, եթե ուզում  էինք, կառուցել պետություն, որ լիներ իսկապես պետություն, այդ ժամանակ մենք ոչ թե հովանավոր, այլ գործընկեր կունենայինք»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Ռուսաստանն այսօր ամենեւին որպես գործընկեր ու հավասար պետություն չի ընկալում Հայաստանին: Ըստ իրավապաշտապանի՝ դրա համար Հայաստանի իշխանություններն ու հասարակությունն են  մեղավոր. «Ցույց տվեք մի պետություն, նախին խորհրդային, որտեղ այսքան շատ սովետական անուններ կային՝ քաղաքների ու փողոցների:  Դա Մոսկվա՞ն էր ստիպում՝ ոչ, մենք ավելի էինք ուզում ցույց տալ մեր ստրկությունը, քան Ռուսաստանը պահանջում էր։ Եթե սովետը մինչեւ հիմա լիներ, հայկական դպրոց էլ չէր լինի, սա մեր հպատակության նշան է»,-նշում է իրավապաշտպանը: Մեր երկրի պատասխանները ռուսական կողմի որեւէ քայլին, ըստ մասնագետների, ասիմետրիկ են, քանի որ  երկու երկրների ուժերը հավասարազոր չեն. «Փողոցի անունները փոխելով՝ վնաս չենք տա Ռուսաստանին, չենք պատժի նրան, որ նա Ադրբեջանին զենք է վաճառում»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: 4 տարի առաջ հայ- ռուսական հարաբերությունները գոնե տնտեսական հարթության վրա ավելի ամրապնդվեցին: Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։ Ի՞նչ  ստացավ դրանից մեր երկիրը. «Հայաստանը  ընդհանուր «կաթսայից», ընդհանուր մաքսային  բոլոր վճարումնների   1,11 տոկոսն է ստանում, այսինքն՝ ունենք  եկամուտ, բայց դա զարգացման համար չէ, դա գոյատեւելու ու պետական մարմինները պահպանելու գումար է, մնացածը բացասական է»,- նշում է պարոն Նավասարդյանը : Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ  հարաբերություններին, ապա ըստ քննարկման մասնակիցների՝  Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը, որ նախատեսվում է ստորագրել նոյեմբերին, կարող է փոփոխություններ արձանագրել, բայց պետք է հաշվի առնել, որ դա նախկին ասոցացման համաձայնագիրը չէ, եւ մեր երկիրը, միեւնույնն է,  մի քանի քայլ հետ կմնա Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներից: