Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ սպասում է 12 բազմերանգ համերգ

Մշակույթ
ruzanna-2

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը փորձում է փոքր բյուջեով բերել մեծ անուններ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով՝ դա հաջողվում է փառատոնի  գեղարվեստական ղեկավարների՝ Ալեքսանդր Չաուշյանի և Էդուարդ Թոփչյանի միջազգային երաժշտական աշխարհում ունեցած մեծ կապերի շնորհիվ: Այսօր Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան 15-ամյա դաշնակահար, ինչպես նրան անվանում են՝ «Ռուսական դաշնամուրային դպրոցի նորագույն ֆենոմեն» Ալեքսանդր Մալոֆեևը և իտալացի հանրահայտ կլառնետահար Ալեսանդրո Կարբոնարեն: «Հրաշամանուկ Ալեքսանդրը երկրորդ անգամ է Հայաստանում: Նրա համերգային գրաֆիկը այնքան խիտ է, որ միայն մեկ օրով ենք կարողացել բերել», - ասում է տիկին Սիրունյանը: «Հինգ տարեկանից եմ սկսել նվագել: Կարելի է ասել, որ կլարնետն իմ խաղալիքն էր: Իմ ընտանիքի անդամները ևս ոչ պոպուլյար գործիքների վրա էին նվագում»: Կլարնետահարն անցկացրել է նաև վարպետության դաս և նրա կարծիքով հիանալի և հեռանկարային երիտասարդ երաժիշտներ ունենք: Օգնելու է նրանց լավ գործիքներ ձեռք բերել և ցանկություն ունի մեկ անգամ ևս այցելել Հայաստան, ավելի երկար ժամանակով ու վարպետության դասերին ավելի շատ ժամանակ կտրամադրի, խոստացավ նա: Սպասվում են 12 հետաքրքիր ու բազմերանգ համերգներ: Կազմակերպիչների խոսքով, Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը այս տարի կներկայացնի ոչ միայն զուտ դասական համերգներ, այլև առանձնահատուկ ծրագրեր: Հոկտեմբերի 6-ին երևանյան հանդիսատեսին սպասվում է «արգենտինական տանգոյի երեկո» բանդոնեոնահար Պաբլո Մարինետտիի հետ, իսկ հոկտեմբերի 12-ին գերմանացի երկու անվանի դաշնակահարներ «կմենամարտեն» բեմում: Կնշեն նաև Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, Հոբելյանական համերգով կնշեն Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը, որին ներկա է լինելու անվանի ջութակահարն ու իր ղեկավարած «Բորոդինի անվան կվարտետը: Հոբելյանական կլինի նաև փառատոնի փակման համերգը՝ նվիրված Օհան Դուրյանի 95-ամյակին: