Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք. ինչպես կանխել ինքնասպանությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
69d72cb2c3e45704aa9f0acf0afcca43

Դժվարին իրավիճակներում համապատասխան հոգեբանական խորհրդատվության, հուզական աջակցության ցուցաբերման նպատակով 2014 թ. ՀՀ ԱԻՆ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում բացվեց նոր շուրջօրյա անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն: Գլխավոր նպատակն էր բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը: Ծառայությունը գործում է՝ հիմնվելով գաղտնապահության, մարդասիրության, անշահախնդրության, հանդուրժողականության, մարդու ազատության հիմնարար սկզբունքների վրա: 2003թ. ի վեր սեպտեմբերի 10-ը ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր: ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն այս խնդրի հետ կապված զգալի փորձ ունի և ներկայացնում է խորհուրդներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սուիցիդալ ռիսկը: Ինքնասպանությունն արտաքին կամ ներքին դրդապատճառների ազդեցության տակ սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է: Այն հաճախ իրականացվում է գիտակցության նեղացած վիճակում կամ հալյուցինացիաների, զառանցական մտքերի ազդեցության տակ: Ինքնասպանությունը հոգեբանական ապահարմարման արդյունք է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ներքին կամ արտաքին ազդակներից դրդված դիմում է լետալ ավարտով ինքնակործանիչ գործողությունների՝ այն դիտարկելով որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց կամ ուշադրություն գրավելու եղանակ: Սուիցիդալ ռիսկը մեծ է հետևյալ խմբերում. • փախստականներ, ազգային փոքրամասնություններ, • հոգեկան, ծանր կամ խրոնիկ մարմանական հիվանդություններով տառապող անձինք, • հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք, • անչափահաս և ծեր անձինք, • ծանր կորուստ ապրած, ընտանեկան, ֆինանասական խնդիրներ ունեցող անձինք, • նախկինում սուիցիդալ փորձ կատարած անձինք և այլոք: Հայտնի հոգեբույժ Ա. Լիչկոն առանձնացնում է սուիցիդալ վարքի 3 հիմնական տեսակ. • դեմոնստրատիվ (ցուցադրական)` սուիցիդի այս տեսակը հանդես է գալիս որպես սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց, • աֆեկտիվ` երբ գերակայում է հուզական պահը, • իրական` երբ դոմինանտում է մեռնելու ցանկությունը: Ինքնասպանություն իրականացրած մարդկանց 80%-ը նախքան ինքնասպանություն գործելն իրենց մտադրությունների վերաբերյալ կարևոր ազդանշաններ են ուղարկում (խոսքային, վարքային), որոնք հանդես են գալիս որպես նախազգուշացում կամ «օգնության ճիչ»: Անձի հետ սուիցիդալ մտադրությունների քննարկումը նպաստում է նրա ներքին լարվածության թուլացմանը, ինչը կարող է ինքնասպանության կանխարգելման առաջին քայլը դառնալ: Մարդու՝ ինքնասպանության գործելու մտադրության մասին կարող են հուշել. • ընկճվածությունը, տագնապայնությունը, թախծոտ տրամադրությունը, • թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը, • մղձավանջային երազները, • արտաքինին, հիգիենայի կանոններին չհետևել, • մահվան և ինքնասպանության թեմայով գրականության և հաղորդումների նկատմամբ հետաքրքության դրսևորումը, • ողբերգական և տխուր երաժշտության հաճախակի ունկնդրումը, • կտակի հետ կապված հարցերի վճռումը, նախասուիցիդալ երկտողների կազմումը և այլն: 2017 թ. ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք»: Օգնության ձեռք մեկնելը, դիմացինին ոչ քննադատաբար լսելու ունակությունը և, ընդհանրապես, անտարբերության բացակայությունը կարող են էական նշանակություն ունենալ ևս մեկ կյանքի փրկության հարցում: ԱԻՆ