Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ մասնագետների թիմը կաջակցի հետհրդեհային աշխատանքներին

Հասարակություն
amn-1

Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:  Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաև կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ:  «Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը և գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարևոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետևանքով հասցվող վնասը », - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:   Ամերիկացի երկու փորձագետները հանդիպումներ կունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ լսելու, ծանոթանալու և օգնելու գտնել հրդեհի գոտու ու դրա հարակից հատվածի այն առանցքային տեղանքները, որտեղ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Այցի ընթացքում նրանք մասնավորապես կփորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասվել ջրահոսքերի ու բուսածածկի կորստյան պատճառով հողերի էրոզիայի հետևանքով: Նրանք առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք արտակարգ միջոցների մասին, որոնք նվազագույնի կհասցնեն մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգները՝ պայմանավորված հեղեղներով ու սողանքներով:   ԱՄՆ դեսպանատուն