Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը մտավ ԵՏՄ, որ 7 շրջանները չվերադարձնի. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan

«Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչն է,-ասում է ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։-Ինքը անցել է 88-ից սկսած առ այսօր, մշտապես իշխանության մեջ էն ձեւի պաշտոններում, որ տեղյակ է եղել Ղարաբաղի հիմնահարցի ցանկացած խնդրի հետ կապված, ոչ մի Անվտանգության խորհրդի նիստ բաց չի թողել»: Սերժ Սարգսյանը, սակայն, անձնական կյանքը պահպանելու խնդիր ունի, երբ մտածում է  Ղարաբաղի հարցի լուծման մասին: Նույնիսկ հանուն իշխանության պահպանման նա 7 շրջանները չի հանձնի Ադրբեջանին, Հայաստանում այդպիսի իշխանություն չկա, որը տարածք կտա ու կմնա իշխանության մեջ. «Պաշտոնից թանկ ուրիշ բաներ էլ կան, դրա անունը կյանք է, եւ իրենք էդ առումով լուրջ վտանգ են տեսնում, ինչու է ըտենց, որովհետեւ լեգիտիմ չեն: Ինչու՞ լեգիտիմ չեն: Որովհետեւ քարոզարշավի որ եկել են, չեն ասել, որ մենք գնում ենք Ղարաբաղի հիմնահարցի լուծման ու էդ լուծման արդյունքում 7 շրջան տալու ենք ու դրանով քվե չեն ստացել»: Ըստ պարոն Սարգսյանի, հենց 7 շրջանները վերադարձնելու միջազգային հանրության պահանջը չկատարելու համար Սերժ Սարգսյանը մտավ ԵՏՄ: Եվ Մադրիդյան սկզբունքներով 7 շրջանների վերադարձին Հայաստանն «այո» է ասում զուտ մնացած աշխարհի համար, իմանալով, որ Ադրբեջանը դրան չի համաձայնվի: Նկատեցինք, որ Արեւմուտքը Սերժ Սարգսյանին պարտադրում է Ղարաբաղի հարցը լուծել հենց այն պատճառով, որ ինքը ընտրված չէ, ընտրյալ նախագահին չէր պարտադրի. «Իրենք հասկանում են՝ ոչ ժողովրդավարին որ պարտադրեն, միեւնույն է չի լուծվելու, որովհետեւ ոչ ժողովրդավարի ասածը հանրությունը չի ընդունելու: Այսինքն, եթե նա գնաց թուղթն էլ ստորագրեց... –Բայց ինքը չի էլ հարցնում հանրության կարծիքը: Ոչ ժողովրդավարը չի հարցնում հանրության կարծիքը: -Ինքը չի կարող հետ վերադառնալ, որտեղ որ ստորագրի»: Իսկ նրան ընդդիմացողներն ովքե՞ր են, ումի՞ց պիտի վախենա Սերժ Սարգսյանը, որպեսզի չստորագրի 7 շրջանների վերադարձը պահանջող փաստաթղթի տակ: Արամ Սարգսյանը գիտի այդ մարդկանց. «Էս ժողովուրդը վրացիներից էլ շուտ, ուկրաինացիներից էլ շուտ փողոց է դուրս եկել, էնքա՜ն կան»: Իշխանությունը 7 շրջանների վերադարձին համաձայնվելով՝ միշտ վերապահումների տեղ է թողնում, որովհետեւ բանակցային գործընթացն է այդպիսին՝ պետք է փորձես վերցնել ավելին. «Էս փաստաթղթում կա նաեւ կետ, որ գրված է, որ Ղարաբաղի իշխանությունները պետք է ունենան ժամանակավոր կարգավիճակ: Էս կարգավիճակը՝ ժամանակավորի կարգավիճակը, սրան կատեգորիկ դեմ է Ադրբեջանը, սա հայտ է, որ այո ճանաչվելու է»: Ի դեպ, ըստ Արամ Սարգսյանի, Արեւմուտքը կողմ է Ղարաբաղի հարցի լուծմանը, որովհետեւ ուզում է տարածաշրջանում ներդրումներ անել: Արեւմուտքին պետք է, որ իշխանության գլխին լինի մեկը, որը կկարողանա ժողովրդին բացատրել փոխզիջումների էությունը. «Միայն ժողովրդավար Հայաստանի եւ ժողովրդավար Ադրբեջանի պարագայում է, որ կարող է այդ հարցը լուծվել: Հակառակ դեպքում ոչ ժողովրդավար իշխանությունները անընդհատ Ղարաբաղի հիմնահարցը շահարկելու են որպես ազգայնական եւ այլ տրամադրություններ բարձրացնելու համար՝ դրանով երկարաձգելով իրենց իշխանությունը»: