Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագնա աշխատանքի մեկնողները միշտ չէ, որ կզրկվեն նպաստից (տեսանյութ)

Տնտեսություն
58e6a6b816d118dcfd5ed0704c281f4421013336_baby-girl-in-hat

Առաջին եւ երկրորդ երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը այսուհետ կտրամադրվի ավելի դյուրին տարբերակով: Անհրաժեշտ  կլինի միայն երեխայի ծննդականը  ստանալու հետ մեկտեղ ՔԿԱԳ գործակալությունում լրացնել փաստաթուղթ ու տրամադրել հաշվեհամար: «Այսպես մենք կարող ենք նվազեցնել ոչ միայն վարչարարությունը, այլ նաեւ նվազեցնել կոռուպցիոն  ռիսկերը, կրճատել ժամանակը, ռեսուրսները»,- ասում  է Արդարադատության նախարար  Դավիթ Հարությունյանը: Պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները  վստահեցնում են, որ բարեփոխումները  լինելու է շարունակական: Նախնական շրջանում կընդլայնվեն   հենց երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու  հնարավորությունները:  Հաջորդ  այս եղանակով հնարավոր կլինի ստանալ նաեւ 3-րդ եւ ավելի երեխաների համար տրամադրվող ու   այլ նպաստները: «Այս պահին երրորդ երեխայի նպաստ տալու համար անհրաժեշտ է երեխայի կարգաթիվը որոշել ընտանիքում, դրա համար շատ տեղեկատվություն է անհրաժեշտ: Շատ տվյալներ թվայնացված չեն: Քաղաքացիները այս պահին պետք է փաստաթղթեր լրացնեն ու ներկայացնեն: Բայց աշխատանքները շարունակելու ենք, եւ 2018 թվականի հունվարի 1-ից անցում կատարենք 3-րդ եւ 4-րդ երեխաների նպաստը այդպես տրամադրելուն: Այս կարգով կտրամադրվի նաեւ ընտանիքի դրամագլուխը եւ մահացած թոշակառուի թաղման նպաստները»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանիքների անապահովության գնահատման նոր կարգը, որով  նախատեսվում է  առավել ուշադրություն դարձնել այն ընտանիքների եկամտին, որի ընտանիքի անդամներից մեկը բացակայում է երկրից: Արդյո՞ք սա նշանակում է, որ արտագնա աշխատանքի մեկնած եւ ընտանիքին գումար ուղարկողների ընտանիքները կզրկվեն նպաստից: «Խոսքը չի գնում արտագնա աշխատանքի մեկնողներին հատուկ նպաստից զրկելու մասին, այդպիսի խնդիր չկա ու չի կարող լինել: Այս մեթոդաբանությամբ մենք փորձ ենք անում լուծել այն խնդիրը, որը նաեւ հասարակության բավական լայն շերտեր արծարծում են ու ճիշտ են արծարծում, որ պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, եւ այն ընտանիքները, որոնք անապահով չեն, չօգտվեն նպաստից, նրանք, որոնք դուրս են մնացել համակարգից՝ սկսեն օգտվել:   Եթե կա եկամուտ, պետք է հաշվի առնել դա, բայց աշխատել՝ չի նշանակում զրկվել նպաստից»,- նշում է Արտեմ Ասատրյանը: Իսկ կբարձրանա՞ արդյոք նպաստի չափը եկող տարի, պարզ կլինի միայն պետական բյուջեի քննարկումից ու բաշխումից հետո: