Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհացուցիչ արդյունքներ. ՀՀ ներկայացուցիչը՝ ԵԽ որոշման մասին

Քաղաքականություն
Ambassadors-Comment-on-CoE-CM-decision-on-Progress-Review-Report-Armenia-Action-Plan-2015-2018-2

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի մեկնաբանությունը ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած որոշման առնչությամբ Հայաստան-ԵԽ 2015-2018թթ գործողությունների ծրագրի առաջընթացի մասին զեկույցը ներկայացնելիս Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը քանիցս շեշտեց ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի կառուցողական գործելաոճը, որի արդյունքում գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ գործակցությամբ սահմանադրական բարեփոխումներ, դատաիրավական համակարգում պրոբացիոն ծառայության ներդնում, օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդում, մի շարք ոլորտներ կարգավորող օրենսդրական ակտերի վերանայում: Մի շարք պետությունների պատվիրակներ իրենց խոսքում ՀՀ արձանագրած առաջընթացը համարեցին օրինակելի` խրախուսելով շարունակել ԵԽ շրջանակներում համագործակցությունը` շարունակական առաջընթաց ապահովելու նպատակով: Նշվեց նաև Երևանում ԵԽ գրասենյակի գործունեության կարևորությունը` հատկապես նկատի ունենալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հանգամանքը: Ցանկանում եմ ընդգծել բոլոր դոնորների` Եվրոպական միության, Շվեդիայի, Դանիայի, Ներվեգիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի կարևոր ներդրումը, քանի որ, ըստ էության, այն էական դրական տեղաշարժերը, որ առկա են առաջին հերթին օրենսդրական բարեփոխումների ոլորտում, իրականացվում են Եվրոպայի խորհրդի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ: Զեկույցի քննարկմանը իմ գործընկերների հնչեցրած ելույթներին ի պատասխան` կարևորեցինք նրանց քաջալերող խոսքերը և վերահաստատեցինք գործողությունների ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնելու Հայաստանի վճռականությունը: Ցանկանում եմ նաև շեշտել, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի անդամակցությունից ի վեր կանգնած է եղել մեր կողքին` աջակցելու մեր պետությունում ժողովրդավարական կառույցների կայացմանը և ամրապնդմանը: Հայաստանը հանդիսանում է ԵԽ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ հավատարիմ իր պարտավորություններին: Ի վերջո, այն բարեփոխումները, որ Հայաստանն է նախաձեռնել և հետևողականորեն գնում է դրանց իրականացմանը, ևս մեկ վկայություն են, որ այդ գործընթացն անշրջելի է: ԱԳՆ