Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2013թ-ից սկսած մեր ծանրորդները մաքուր են». Արեգ Հովհաննիսյան (տեսանյութ)

Սպորտ
sport-shtanga

Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը վաղուց տեղյակ է, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է խստորեն պատժել խթանիչներ օգտագործած մարզիկների երկրներին: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: «Դեռեւս 2016թ Թբիլիսիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ որոշվեց, որ այն հավաքականները, որոնց երեք եւ ավելի մարզիկներն արգելված նյութեր են օգտագործել Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ, պետք է պատժվեն: Եւ ահա, երկու օր առաջ լուր ստացվեց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Բուխարեստում արտահերթ նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու են հենց այդ երկրների հարցը»: Ըստ մասնագետի ունեցած տվյալների, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է այս տարվա հոկտեմբերից սկսած մեկ տարով որակազրկել «աչքի ընկած» երկրներին: «Ելնելով «բռնված» մարզիկների թվից եւ հետագա հակադոպինգային պատմություններից, միջազգային ֆեդերացիան հնարավոր է կրճատի որակազրկման ժամկետը», - ավելացրեց փորձառու մասնագետը: Ինչպես տեղեկացրեց Արեգ Հովհաննիսյանը, 2013 թվականից սկսած մեր ծանրորդները լիովին մաքուր են եւ նրանց արյան մեջ արգելված նյութեր չեն հայտնաբերվել: Դա կարող է մեղմացուցիչ գործոն դառնալ վերջը նշված գործի քննարկման ժամանակ: Սակայն Հայաստանն  այնուամենայնիվ մտնում է այն երկրների շարքը, որոնք խախտել են Թբիլիսիում ընդունված որոշումը: 2008 եւ 2012թթ օլիմպիական խաղերին մեր ծանրորդներից դոպինգ ստուգումը ձախողել են Հռիփսիմե Խուրշուդյանը (երկու անգամ), Տիգրան Մարտիրոսյանը եւ Նորայր Վարդանյանը: