Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» գործով փաստաբաններին կրկին խուզարկում են (տեսանյութ)

Հասարակություն
Untitled2-1

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիայի ենթարկել ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Հակոբյանին, Հրանտ Գեւորգյանին, որոնք ավելի վաղ լքել էին նիստերի դահլիճը՝ բողոքներով դատավորի, իրենց խոսքով, ապօրինի գործողությունների դեմ: Նրանց հետեւել էր Արայիկ Պապիկյանը, ուստի նա եւս սանկցիայի ենթարկվեց: Դատարանը սանկցիայի ենթարկելու մասին համապատասխան գրությամբ կդիմի ՀՀ փաստաբանների պալատին: Դատավորը սանկցիայի ենթարկեց նաեւ պաշտպաններ Մուշեղ Շուշանյանին եւ Դավիթ Գյուջյանին, որոնք դատարան էին եկել, սակայն ներս չէին մտել՝ պատճառաբանելով, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննության են ենթարկում, այլ խուզարկության: Այնուհետեւ պաշտպաններից Գրիշա Բալասանյանը ներկայացրեց նիստը հետաձգելու միջնորդություն, որպեսզի փաստաբանները դիմեն Արդարադատության խորհուրդ՝ Արտուշ Գաբրիելյանին պատասխանատվության ենթարկելու համար: «Ստացվում է, որ միայն դուք ունեք մեզ պատասխանատվության ենթարկելու լիազորություն, ուստի մենք կդիմենք խորհրդին, որպեսզի ձեր վարքագիծը քննության առնվի»,-նշեց Բալասանյանը: Գաբրիելյանը միջնորդությունը մերժեց, բայց, միեւնույնն է, հետաձգեց նիստը՝ հայտարարելով, որ ինքը վատառողջ է: