Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առարկայականը նա է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Qocharyan-Shavarsh3

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում նրանց, որոնք ծանր են տարել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը. «Տեղի են ունեցել հարեւան պետությունում ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որին մասնակցել է 5-6 պետություն»: Ավելի լայնամասշտաբ զորավարժություններ են եղել, որոնց Հայաստանն, ըստ Շավարշ Քոչարյանի, չի մասնակցել, պարտադիր չէ, որ բոլոր միջոցառումներին Հայաստանը ներկա լինի. «Բայց ՆԱՏՕ-ի հետ, ի տարբերություն մնացած ՀԱՊԿ անդամների, բավականաչափ լուրջ համագործակցում է»: Փոխարտգործնախարարն ուղղակիորեն չի մեկնաբանել Չինաստանում Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, որը հակամարտող երկրներին զենք վաճառելը նրանց հաշտեցմանը չի օգնի: Պարոն Քոչարյանին լրագրողները հիշեցրեցին, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին եւ Ադրբեջանին. «Քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, նրանք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի էմբարգո զենքի մատակարարման այդպիսի գոտիներ: Այ դա կլիներ հարցի լուծում»: Անդրադառնալով Եվրոպայով մեկ Իլհամ Ալիեւի փողերով հակահայկական լոբբինգ իրականացրած քաղաքական գործիչների մասին հրապարակումներին, պարոն Քոչարյանը նկատում է, որ Եվրոպայի համբերության բաժակը լցվել է, նա դեմ չէ իր խայտառակությունը ջրի երես հանել. «Մարդիկ թույլ են, նույնիսկ Եվրոպայի սրտում, նույնիսկ եվրոպական պատգամավորներ, պաշտոնյաներ այդ գայթակղությանը չեն դիմանում: Ընդ որում, կա մի շատ հետաքրքիր օրինաչափություն՝ որպես կանոն, դրանք այն պատգամավորներն են, որոնց ժամկետը լրանում է, այսինքն, ընտրվելու խնդիր ունեն»: Դիվանագետին զվարճացնում է Ադրբեջանի պաշտոնական արձագանքը, ըստ որի՝ Ալիեւի ընտանիքն այդ փողերի հետ կապ չունի, եւ այդ հրապարակումների թիկունքում կանգնած են Սորոսը եւ հայերը: Կարեւորը, սակայն, այն է, որ Ադրբեջանը չի հերքում, որ ինքը կաշառել է եվրոպական քաղաքական գործիչներին. «Ուշադրություն դարձրեք իրենց պաշտոնական մեկնաբանությանը՝ Ալիեւի ընտանիքը դրա հետ կապ չունի՝ այսինքն, էդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրանց ինչ-որ մեկը 3 միլիարդ գումար է դուրս հանել, ինչ-որ գործողություններ է արել»: Ըստ նրա, այդ հրապարակումները կարող են հասունացնել այն օրը, երբ եվրոպական կառույցները պատժամիջոցներ կկիրառեն Ադրբեջանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ ձայնից կզրկեն: Ի դեպ, պարոն Քոչարյանին զվարճացնում է այն հարցը, թե առարկայական ինչ հարցեր են պատրաստվում առաջիկայում քննարկել Մամեդյարովն ու Նալբանդյանը. «Իրանց համար առարկայականը մենակ մի բան ա՝ Ղարաբաղը մեզ տվեք, մեր փախստականները վերադառնան: Իսկ առարկայականը նա է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի, առարկայականը նա է, որ դիվերսիաներ չլինեն»: