Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի գործով վկաները հաշվառված են հոգեբուժարանում. պաշտպան (տեսանյութ)

Հասարակություն
andrias

Զանգվածային անկարգությունների եւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրեց մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ բացարկի միջնորդություն: Անդրիաս Ղուկասյանի համար  առիթ  դարձավ այն, որ գործով դատախազն իր 30 միջնորդությունը մերժել է 1 օրում՝ պաշտպանական կողմին զրկելով անմեղությունն ապացուցող էական ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: «Թե ով է դրա հետեւում կանգնած, հիմա շատ դժվար է ասել, բայց ակնհայտորեն՝ Անդրիասին իր քաղաքական մտքերի , իր պահվածքի համար են պահում: Դատախազը ի պաշտպանություն իրեն փաստեր բերեց այսօր, բայց նա չկարողացավ  պատճառաբանություն ու մեկնաբանություն տալ: Մենք չհասկացանք, էդ ո՞ր  օրենքով կարողացավ 1 օրում մերժել 30 միջնորդություն»,- ասում է Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Իսկ գործով վկաների ցուցմունքներն ըստ պաշտպանական կողմի՝ չի կարող ապացույց լինել: «Կան տեսնյութեր, որոնք ապացուցում են ու ցույց են տալիս մեղադրանքի լրիվ հակառակը, մինչդեռ նրանք գտել են երկու վկա, հոգեկան հիվանդություն ունեցող, որոնք հաշվառված են հոգեբուժարանում, ուղորդել են վկաներին ու դրա վրա հիմնվելով՝ կանգնեցրել են Անդրիասին դատի առջեւ»,- ասում է  պաշտպան Ինեսա Պողոսյանը: Եթե հայաստանյան դատական համակարգի բոլոր ատյաններում այս ամենը ապացուցել հնարավոր չլինի, նրա պաշտպանները  կգնան մինչեւ  Մարդու իրավունքների  Եվրոպական Դատարան: «Առաջին իսկ օրվանից ասել ենք, Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է, իր քաղաքական հայացքների համար է պահվում, ակնհայտ է, որ իշխանությունները վրեժ են լուծում նրանից, չգիտես ինչի համար, պատանդ են պահում, մենք մտածում էինք ընտրություներից հետո կանցնի դա, բայց ավելի առաջ գնացին իշխանությունները ու էլի շինծու մեղադրանքներ կարեցին նրա վրա»,- ավելացնում է պաշտպանը: Կընդունի արդյո՞ք դատավորը դատախազի նկատմամբ բացարկի միջնորդությունը, պարզ կլինի  հաջորդ նիստին: Այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: