Բացառիկ նմուշներ Մատենադարանում՝ Լազարյանների ֆոնդից (տեսանյութ)

«Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր առավել նշանավոր հայերը ապրել ու գործել են հայրենիքից դուրս, սակայն նրանց ներդրումն ի նպաստ ազգի անգնահատելի է, և նման ցուցադրությունները հրաշալի միջոց են մեր պահուստներում պահվող գանձերը հանրությանը ցուցադրելու»,- ասում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրություն։ Մատենադարանի ու Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի պահուստներից՝ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ, ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից։ 

Լազարյանների տոհմի պատմությունը ներկայացրեց  մատենագետ Բախտիար Հովակիմյանը։

Լազարյանների հայտնի տոհմին իր անունը տված Ղազարի որդի խոջա Մանուկը XVII դարի սկզբին Նախիջևանից գաղթում է Սպահան, հետո հաստատվում Նոր Ջուղայում: Մեծահարուստ վաճառականներ Լազարյանները մեծ դեր են խաղացել Իրանի պետական կյանքում և մեծ ներդրում ունեցել Նոր Ջուղայի հայ գաղթօջախի կյանքում: Հաստատվելով Ռուսաստանում գնել են կալվածքներ, գործարաններ, աղի հանքեր։ Լազարյան ազնվական տոհմի հիմնադիրը Աղասար Լազարյանն էր, ում Եկատերինա կայսրուհին ժառանգական ազնվականության տիտղոս շնորհեց: 
Ռուսական արքունիքի ամենաազդեցիկ դեմքերից էր Հովհաննես Լազարյանը՝ Եկատերինա կայսրուհու արևելյան հարցերով խորհրդականը: Ավստրիական կայսր Իոսիֆ Երկրորդը նրան բարոնի, այնուհետև նաև կոմսի կոչումներ էր շնորհել: 

Հովհաննես Լազարևի միջոցով Եկատերինա 2-րդի ֆավորիտ կոմս Օռլովը հայ վաճառական Սաֆրասովից ձեռք է բերում թանկարժեք ադամանդը, որը կոչվեց Օրլովի անունով և դրվեց կայսրուհու գայիսոնի գլխին:

Լազարյանները դպրոցներ են բացում Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, կառուցում եկեղեցիներ Մոսկվայում և Պետերբուրգում։ 1815 թվականին հիմնում են Լազարյան ճեմարանը և ուսումնական կենտրոնին առընթեր տպարանը: Ճեմարանը վերափոխվեց Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որը և դարձավ է Ռուսաստանում, նաև խորհրդային միությունում արևելագիտության և դիվանագիտական մտքի ձևավորման կենտրոն։

Ճեմարանի գրադարանի հավաքածուն ՝ 40 հազար կտոր գիրք հետագայում փոխանցվեց Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից, իսկ կտավների հավաքածուն հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին 1921թ. որոշմամբ ճեմարանի շենքում ստեղծվել է Խորհրդային Հայաստանի մշակույթի տուն իսկ այսօր Մոսկվայի Հայկական նրբանցք կոչվող փողոցում գտնվող Լազարյան ճեմարանի շենքը Հայաստանի սեփականությունն է, և այնտեղ է գտնվում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Ցուցադրությանը ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը. «Հիասքանչ էքսպոզիցիա է և հիանալի օրինակ՝ ինչպես համագործակցելով մեկ այլ ազգի հետ՝ կարելի է ծառայել սեփական ժողովրդին»։

 

loading