Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փյունիկի երեխաները երրորդ օրն է դպրոց չեն հաճախում. Հետք

Հասարակություն
81739_b

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաները շարունակում են բոյկոտել գյուղի դպրոցը փակելու կառավարության որոշումը և չհաճախել դպրոց: Չնայած դպրոցի տնօրենի, մարզպետարանի ու Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների հորդորներին՝ ուսումնական տարվա երրորդ օրն է՝ նրանք դպրոց չեն գնացել: Փոխարենը Փյունիկի բնակիչները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով վերացնել Փյունիկ գյուղի դպրոցի վերակազմավորելու կառավարության որոշումը: Գյուղացիները նշել են, որ դպրոցն ունի 44 աշակերտ և գտնվում է 1820 մ բարձր լեռնային գոտում: Գյուղում բնակիչները 100 %-ով գաղթած են Ադրբեջանից: Նրանք վերաբնակվել են 1988-ից, և այդ թվականին դպրոցի շինությունը շահագործման է հանձնվել, և այդ բնակիչներն առաջինն իրենք են հաճախել դպրոց: «Արդյոք կարելի է արտագաղթած ծնողին ստիպել իր երեխայի հետ նորից արտագաղթել»,- հարց են ուղղել բնակիչները: Նրանք հիշատակել են տարբեր տարիներին բուհ ընդունվողների քանակը, սպորտային մրցաշարերում իրենց աշակերտների առաջադիմությունը: «Վերակազմավորելու մասին որոշումը պատճառաբանվում է որակյալ ուսման հարցի լուծումով, սակայն Փյունիկի միջնակարգ դպրոցի աշակերտների քանակից կախված չէ որակյալ առաջադիմությունը. 2016-2017թթ. ուստարում ունեցել ենք 4 շրջանավարտ, որից 3-ն ընդունվել են բուհեր՝ Երևանի պետական բժշկական համալսարան, Ճարտարագիտական համալսարան, Հրազդանի պետական քոլեջ, իսկ 4-րդ երեխան չէր զիջում վերջիններին և չի ընդունվել անապահով լինելու պատճառով»,- գրել են փյունիկցիները և խնդրել նախագահին վերանայել կառավարության որոշումը՝ ելնելով դպրոցի առաջադիմության տվյալներից: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում