Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կայարանի ռեստորանում էր Երևանի ամենահամեղ բորշը» (տեսանյութ)

Մշակույթ
ruzanna.Still001

Գնացքների մոդելներ, կայարանների մակետներ, Ալեքսանդրապոլ գործուղված առաջին երկաթուղայինների, Երևան ժամանած առաջին գնացքի, մեքենավարների, ինժեներների, կայարանապետերի ու սլաքավարների լուսանկարները, քարտեզներ, պատվոգրեր: Դարից ավել ձգվող հայկական երկաթգծի պատմությունը, որն այժմ կոչվում է Հարավկովկասյան երկաթուղի, ներկայացված է հայկական երկաթուղու թանգարանում:   Տպավորությունների գրքում հիացմունքի ու շնորհակալության խոսքեր են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն ու ճապոներեն: Գրում են դպրոցականները, ուսանողները, զբոսաշրջիկներն ու մարդիկ, որոնց հայրերն ու պապերն եղել են երկաթուղայիններ:  «Ուղղակի գյուտ էր, որ Երևանում նման թանգարան կա, իսկ զբոսավարի հետ մեր շրջայցը թանգարանում ստիպեց նորովի տեսնել մեր ոչ վաղ անցյալի պատմությունն ու հպարտանալ»: «Սերունդների համար շատ կարևոր է սեփական պատմությանը տեր կանգնել և թանգարանը ծառայում է այդ նպատակին…» «Եկանք գնացքի տոմս գնելու և բացահայտեցինք այս հիանալի թանգարանը, որը դարձավ հայաստանյան մեր այցի լավ հուշերից…»: «Սրահում, որտեղ 2009-ից գործում է թանգարանը, առաջնակարգ ռեստորան էր, գալիս էին Երևանի ամենահամով բորշն ուտելու»,- ասում է թանգարանի վարիչ և զբոսավար, մասնագիտությամբ երկաթուղային ինժեներ Նիկողայոս Տեր-Կարապետյանը, որին աշխատակիցները քեռի Կոլյա են դիմում: Հայկական երկաթուղու պատմությունը սկսվեց Ռուսիո երկու կայսրերի նախաձեռնությամբ՝ Ալեքսանդր III-ի որոշմամբ ու Նիկոլայ II-ի իրագործմամբ: 22 մլն ռուբլի ներդրումով կառուցվեց երկաթգիծը, որը կապ պետք է հաստատեր Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի ու Կարսի միջև: Առաջին գնացքը Գյումրի ժամանեց 1899-ին, նույն տարում՝ Կարս, իսկ 3 տարի անց՝ 1902-ին, Երևան: 1956 թվականին կառուցված երկաթուղային կայարանի նոր շենքի հեղինակը կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին՝ Էդմոն Տիգրանյանն էր: Շենքի գմբեթը կառուցվեց 1967-ին, երկաթգծի պետ Համբարձում Ղանդիլյանի օրոք: Կայարանի շենքը ճարտարապետական բարձրարվեստ կոթող է, ընդարձակ ու գեղեցիկ սպասասրահներով, շատրվաններով ու այգիներով, որտեղ անգամ սեպտեմբերին ծիրան է աճում: Այսօր թանգարան են բացել նաև Գյումրու և Սանահինի կայարաններում: