Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը` դատավորին. «Հնարավորություն տվեք ներկայացնել իրականությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel-babayan

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատավարությանն այսօր հարցաքննվեցին կարևոր վկաներ։ Բացի «Իգլա» տեսակ զենք ձեռք բերելը, Սամվել Բաբայանը մեղադրվում է նաև 5000 եվրո ոչ օրինական թղթադրամներն օրինական շրջանառության մեջ դնելու փորձի մեջ։ Այդ գումարն, ըստ մեղադրանքի, բերվել է Մոսկվայից՝ բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերության միջոցով։ Մինչ վկաների հարցաքննությանն անցնելը, մեղադրող դատախազը միջնորդեց արգելել լրատվամիջոցներին տեսագրել։ Ընդդիմացավ մեղադրյալի աթոռին հայտնված Սամվել Բաբայանը։  «Հեռուստատեսությունով նայում եմ, ասում ա՝ Վրաստանից բերված Իգլա, բայց չի իրագործվել նման բան, Վրաստանից ոչ մեկ ոչ մի բան չի բերել։ Հիմա թող գան, մարդիկ լսեն, հասկանան, թե չէ ինչ շվցնում են, լրատվական միջոցներով գնում ա։ Մարդկանց ձերբակալել եք, հասկացանք, հնարավորություն տվեք ապացուցենք և հասարակությունն իմանա իրականության մասին»։ Դատարանը մեղմացրեց իր որոշումը՝ թույլ տալով վկաներին տեսագրել ընդամենը 5 րոպե։ Դատարան բերված առաջին վկան Արմեն Հակոբյանն է, որն, ըստ մեղադրանքի, բեռնատար մեքենայով Մոսկվայից Հայաստան տեղափոխել է ներկված 5000 եվրոն։ Արմեն Հակոբյանը պատմեց՝ ծրարն իրեն է տվել բեռնափոխադրող ընկերության Մոսկվայի գրասենյակի Արայիկ անունով դիսպետչերը։ Իրեն ասել է, թե ծրարի մեջ փաստաթղթեր են։ Բեռնատարի վարորդն արդեն Երևանում ծրարը հանձնել է Գոռ Շաբոյանին՝ բեռնափոխադրող ընկերության ղեկավարին։ Արմեն Հակոբյանը, սակայն, ինքն իրեն հակասեց. դատարանում ասաց, թե գումարը Հայաստան է տեղափոխել 2017-ի ձմռանը, բայց նախաքննական ցուցմունքում կոնկրետ օր էր նշված՝ 2016-ի սեպտեմբեր 18։ Դատավոր Արշակ Վարդանյանը դիմեց նրան. Դատավոր - Այլ տարեթիվ ու եղանակ ասեցիք, ինչո՞վ էր պայմանավորված։ Վկա- երկար ժամանակ ա անցել, օրը չեմ հիշում։ Ըստ մեղադրանքի՝ Մոսկվայից ուղարկված գումարը վարորդ Արմեն Հակոբյանը տվել է բեռնափոխադրող ընկերության ղեկավարին։ Դատարան ներկայացավ հենց նա՝ վկա Գոռ Շաբոյանը չճանաչեց ամբաստանյալի աթոռին հայտնված Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին ու մյուս մեղադրյալներին։ Նրան ծանոթ էր միայն Դավիթ Հարությունյանը, ում խնդրանքով էլ գումարը Մոսկվայից Երևան է բերել ու փոխանցել հենց նրան։ Գոռ Շաբոյանը հայտարարեց՝ ինքը եթե իմանար, որ 5000 եվրոն ներկված գումար է, կմերժեր Դավիթ Հարությունյանին ու կհրաժարվեր բերել Հայաստան։ Դատավոր – Ինչ-որ խնդիր ծագե՞ լ է էդ գումարի հետ կապված։ Վկա- Ես իմացել եմ, որ օրինական գումարներ են, մնացածը չգիտեմ։  Դատարան բերված երրորդ վկան՝ Վրեժ Առաքելյանն էր։ Նա էլ չճանաչեց Սամվել Բաբայանին ու մյուս ամբաստանյալներին։ Ծանոթ էր միայն վաղեմի ընկեր Դավիթ Հարությունյանը, որը մեղադրվում է ապօրինի թղթադրամներ Հայաստան բերելու և օրինական շրջանառության մեջ դնելու համար։ Ըստ քրեական գործի տվյալների՝ հանդիպման ժամանակ Դավիթ Հարությունյանը Վրեժ Առաքելյանին տեղեկացրել է ներկոտված թղթադրամների մասին, բայց խոսք չի գնացել ներկված թղթադրամներն իրացնելու մասին։  «Ուղղակի տեղեկացրել ա, որ սենց բան կա, թե չէ ինքը գիտի, որ ինձ էդ հարցով չի կարող դիմել, որովհետև ես դժվար կարողանամ օգնել»,- ասաց Վրեժ Առաքելյանը։ Դատավոր Արշակ Վարդանյանի հարցը վկային՝ արդյո՞ք քննիչն իր վրա ճնշում բանեցրել է, ստացավ բացասական պատասխան։ Փոխարենը Սամվել Բաբայանը տեղից միջամտեց. Սամվել Բաբայան - «Հարցնում եք՝ ասում եք՝ քննիչը ուղղորդե՞լ է, ասում եմ՝ հա, բոլորին, հերթով, ուղղորդված քննություն է ընթանում»։ Դատավոր Արշակ Վարդանյան - «Դու ի՞նչ գիտես»։ Սամվել Բաբայան - «Ե՞ս ինչ գիտեմ, որովհետև ինձ հետ էլ ա էդքանը խոսել»։ Դատավոր - Կգանք Ձեզ, կհարցաքննեք, կպատմեք, թե ինչով է փորձել Ձեզ ուղղորդել»։ Վրեժ Առաքելյանին հարց ուղղեց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը. «Ձեր ցուցմունքից կարելի՞ է հետևություն անել, որ Դավիթը Ձեզ դիմել է էդ թղթադրամը բանկերում ցածր տոկոսով փոխանակելու հարցում»։ Վրեժ Առաքելյան – Կարելի է ասել, ինչու չէ։ Ինքը եթե մաքուր փող ա, փող աշխատելն էլ վատ բան չի։ Սամվել Բաբայանի գործով դատական այսօրվա նիստն այսքանով ավարտվեց։ Հաջորդը սեպտեմբերի 11-ին է։