Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն ոչ տեխնիկապես, ոչ հոգեպես պատրաստ չէ աղետներին դիմագրավելու. բնապահպան

Տնտեսություն
MHM0116199

«Խոսրովի» արգելոցի և «Նաիրիտի» հրդեհների շուրջ քննարկմանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ  Գագիկ Մանուչարյանն անդրադարձավ հարցին` ինչու Խոսրովի հրդեհի ժամանակ ուշացավ ՌԴ հրդեհաշիջման ինքնաթիռը. «Ձեր կարծիքով` ինքնաթիռը պիտի գա, միանգամից թռնի, պտտվի Խոսրովի գլխի վերեւը՞: Մինչև հիմնական թռիչքը, ԱԻՆ-ը, ԲՆ-ն օդաչուների հետ միասին ինքնաթիռով հետախուզական թռիչք են կատարել, թե որտեղից պետք է սկսվի հրդեհաշիջման աշխատանքները։ Առաջին թռիչքը կատարվել է Արտավանի վրա, ապա` Խոսրովի։ Այստեղ քիչ է եղել հրդեհը, դրա համար առաջին թռիչքը Արտավանում արեցին»:  Հարցին` ինչու ՀՀ ԱԻՆ-ը միանգամից չդիմեց ՌԴ գործընկերոջը, հատկապես երբ նման դեպքում կա փոխգործակցության համաձայանգիր, եւ ինքնաթիռը ՀՀ եկավ միայն Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի անմիջական միջնորդությամբ, պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Նման դեպքում, երբ արտերկրից օգնություն ենք խնդրում, ՀՀ նախագահին տեղյակ պահելը էթիկայի տեսակետից ճիշտ է»: Ըստ նրա` երբ հրդեհը հայտնաբերվում է, նախեւառաջ սեփական միջոցներով են փորձում հանգցնել. «Խոսրովի դեպքում մարդիկ նման լայնամասշտաբ հրդեհ չէին տեսել. երբ փորձեցին սեփական միջոցներով հանգցնել, հասկացան, որ անհնարին է եւ միայն այդ դեպքում դիմեցին ՌԴ»: Խոսրովում կայծակից 2-րդ հրդեհն է բռնկվել, որը Գագիկ Մանուչարյանի խոսքով` վերահսկվում է. «Քանի դեռ չոր խոտը կա, հրդեհավտանգ իրավիճակ կա։ Վերջին այս դեպքն իսկապես կայծակի հետեւանք էր, մինչդեռ առաջին հրդեհի դեպքում բոլոր հնարավոր պատճառներից միայն կայծակն է բացառվում։ Այժմ քրեական գործ է հարուցված։ Խոսրովի այս հրդեհների ժամանակ կաթնասունների վնաս առայժմ չունենք, միայն վնասվել են կրծողները, սողունները։ Երբ կրակն ամբողջովին մարվի, մոնիթորինգը կսկսենք»։ Բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի համոզմամբ` այս հրդեհները վտանգավոր են ոչ միայն ՀՀ, այլեւ ամբողջ աշխարհի համար, որտեղ մոլեգնում են թայֆունները, ջրհեղեղները. «Միայն կարող եմ ասել` ՀՀ-ն ոչ տեխնիկապես, ոչ հոգեպես պատրաստ չէ նման երեւույթերին դիմագրավելու։ Օրինակ` Խորովում կապ հաստատելու համար նորմալ կապ չկա` հին ռադիոհեռախոսներ են։ Ասում են` արգելոցում ճանապարհներ չկան, սակայն Խորովում ի սկզբանե ճանապարհներ չպետք է լինեն։ Եւ, ի վերջո, ի՞նչ եղավ մեր փոքր ավիացիան: Պետք է գույքագրում անել ամբողջ ՀՀ-ում` ամենառիսկային գոտիները բացահայտելու եւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։ Գործողությունների պլան պետք է մշակենք, որ բնական աղետները տեխնոգեն աղետեներով չզարգանան»: Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի հրդեհին, ապա բնապահպանի կարծիքով` այդ նյութը որոշակի ջերմաստիճանի պայմաններում ինքն իրեն պայթում է։ Ես զարմացած եմ միայն , որ Առողջապահության նախարարությունը միայն երեկոյան հայտարարեց, թե ինչ պետք է անեն մարդիկ` ինքնազգացողության չվատացման համար»: Այն տեղեկությունները, թե «Նաիրիտ»-ի պոչամբարը գտնվում է անմիջապես գործարանի տակ, եւ այն եւս որոշակի վտանգներ կարող է ներկայացնել ժամանակի ընթացքում, տիկին Դանիելյանը տեղյակ չէր, սակայն կարծում է, որ պետք է մասնագետների խումբ ստեղծվի` ստուգելու այդ տեղեկությունը. «Այլապես մենք նորից կկանգնենք անսպասելի վտանգների առջեւ»։  Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը եւս տեղյակ չէր պոչամբարի գոյության մասին։ Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ում տեղի ունեցած հրդեհին, ապա նա նշեց, որ առաջիկա ամսում այդ հարցի պատասխանը չի լինի, քանի դեռ նախաքննություն է ընթանում. «Մենք նմուշառում ենք կատարել այդ տարածքից ու հարակից առուներից։ Ծծումբն ու ազոտը սահմանային թույլատվության սահմանը գերազանցել են։ Սակայն վտանգավոր է համարվում այն դեպքը, երբ երկու օրվա ընթացքում այդ սահմանը 50 անգամ գերազանցում է թույլատրելի նորմը։ Մեր նմուշառումների արդյունքից երեւում է, որ որեւէ վտանգավոր բան չկա մարդու կյանքի համար»: Նա նաեւ պարզաբանեց այն կարծիքները, թե «Նաիրիտ»-ի անվտանգության պահպանումը ում առաջնահերթությունն է. «Դա առաջին հերթին գործարանի, ապա` ԱԻՆ-ի գործն է»: