Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանում բացվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը

Պաշտոնական
pn

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Դիլիջանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Բարձրացվել են Հայաստանի Հանրապետության պետական և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դրոշները, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի ձեռամբ կատարվել է տնօրհնեքի արարողություն: Մոնթեականներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքային պայմանները, հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:  «Երանի մեզ, որ ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվում ամենահարմարավետ պայմաններով, դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիր: Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով, այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»,- մոնթեականներին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է  նախարարը` հավելելով, որ վարժարանի նոր մասնաշենք տեղափոխելու միտքն իր մոտ ծագել է,  երբ նախորդ տարի, այցելելով ռազմամարզական վարժարան, տպավորվել է ուսումնական հաստատության ձեռքբերումներով, սակայն նույնչափ էլ մտահոգվել՝ ծանոթանալով վարժարանի շենքային պայմաններին: «Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Մեր կարգախոսն է` «ճանապարհ դեպի բարձունք»»,- եզրափակել է իր խոսքը նախարարը` բարի երթ մաղթելով վարժարանի սաներին: Հանդիսավոր միջոցառումից հետո նախարարը, հյուրերի հետ, շրջել է վարժարանի տարածքում, այնուհետև «Արիության դաս» անցկացրել մոնթեականների համար: