Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծուղակ լրագրողների համար. գաղտնի փոփոխություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serge

2014-ի փետրվարին հայկական լրատվամիջոցներում պայթեց մի տեղեկություն՝ ցողունային բջիջների պատվաստման համար Հարավային Կորեայում բուժման կուրս է անցել նախագահ Սերժ Սերժ Սարգսյանը: Երեք տարի անց՝  2017-ի հունվարի 1-ից հայկական լրատվամիջոցները ստիպված են պատասխան տալ անձնական տվյալներ ենթադրող այսպիսի եւ նմանատիպ հրապարակումների համար համար «Սերժ Սարգսյանը պաշտոնյա է եւ պարտավոր է իր ցանկացած քայլով հաշվետու լինել Հայաստանի հանրապետության բնակչությանը»,- «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը չի հասկանում՝ ինչպես է հնարավոր նման օրենքի գոյությունը։ gevorg  Առանց իշխանությանը ցավացնելու լրատվություն չկա ամբողջ աշխարհում: Հայաստանում իշխանությունը ցավացնող լրատվամիջոցներից կպաշտպանվի հերթական օրենքի օգնությամբ: 2016-ի դեկտեմբերին Ազգային Ժողովը մեկ օրում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանեց 1-ին հոդվածի երրորդ կետը՝ ըստ որի անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական գեղարվեստական ստեղծագործությունների վրա։   Ի՞նչ է անձնական տվյալը:  Փաստաբան Գեւորգ Հակոբյանը նշում է 6 բնույթի անձնական տվյալ՝ սովորական, հանրամատչելի, կենսաչափական, հատուկ, անձնական կյանքին վերաբերող եւ այլն: Միայն առաջին երկուսի դեպքում կարիք չկա ստանալու այն մարդու համաձայնությունը, ում տվյալները մշակում է լրագրողը կամ որեւէ այլ քաղաքացի. «Երբ որ ունենք գործ կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի հետ, սրանց դեպքում մշակումը առհասարակ չի թույլատրվում, քանի դեռ չի ծանուցվել անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Համաձայնության ստացման կարիք չկա, բայց ծանուցման պարտականություն է ուղղակի օրենքով սահմանվում»: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշում է, որ 1-ին հոդվածի 3-րդ կետն ինքն էր մտցրել օրենքի մեջ, երբ հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Լրագրողների համար շահեկան օրենքի այդ կետը հանվեց, երբ ինքն արդեն նախարար էր: Նա անձամբ էր պատճառաբանում, թե ինչու լրագրողները եւ ստեղծագործողները չպետք է արտոնություն ունենան այլ մարդկանց անձնական տվյալներ հավաքելիս  «Շատ տարածված պրակտիկա կա, օրինակ, այլ երկրներում, երբ մարդիկ գումարի դիմաց հավաքում են մարդկանց մասին անձնական տվյալներ եւ հետո սկսում դրանք օգտագործել ամենատարբեր նպատակներով»,- բացատրում է Արփինե Հովհաննիսյանը, որն արդեն ԱԺ փոխնախագահն է։ lian «Հետք» ինտերնետային կայքի փոխխմբագիր  Լիանա Սայադյանը օրենքի այդ կետի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի չեղյալ համարելուց տեղյակ չէր ամբողջ երկու ամիս: Մինչեւ «Հետքի» խմբագրությունը նամակ չստացավ հրապարակումներից մեկի հերոսից, որը պահանջում էր մի քանի տարի առաջ գրված հրապարակումից հեռացնել իր անձնական տվյալները: Խմբագրությունը պարտավոր չէր, օրենքը հետադարձ ուժ չուներ, բայց ընդառաջեցին: Լրագրողը, սակայն, հասկացավ, որ հետաքննական լրագրությունը հայտնվել է ծուղակում . «Այս փոփոխությունը ընդհանրապես բացառում ա հետաքննական լրագրությունը մեր երկրում, որովհետեւ մենք գործ ունենք պաշտոնայաների անձնական տվյալների հետ, որոնք հանրային գործունեությամբ են զբաղվում, պաշտպանվածության ավելի նեղ շրջանակ պիտի գործի նրանց պարագայում, բայց սա կաշկանդում է մեզ եւ կապում մեր ձեռքերը»:  Փաստաբան Գեւորգ Հակոբյանն առաջինն էր, որ տեղեկացավ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի չեղյալ համարելու  մասին: Նույնիսկ չի հիշում, թե ինչու աչքն ընկավ այդ փոփոխության վրա. «Շատ հետաքրքիր է, որ հիմնավորման մեջ չկա պատճառաբանությունը, թե ինչու է դա արվում» Փաստորեն փոփոխությունն արվել էր գաղտնի: Ոչ մի լրագրող տեղյակ չի եղել, որ խորհրդարանը նման փոփոխություն է քննարկում: Այդ մասին իմացել է միայն կառավարությունը եւ խորհրդարանը։   «Չի կարելի որեւէ օրենք շահագրգիռ կողմերի հետ առանց քննարկելու անցկացնել խորհրդարան, խորհրդարանն էլ չհետաքրքրվի, թե դուք քննարկե՞լ եք արդյոք սա։  Էլ չեմ ասում, որ պետք է տեղյակ լինեին նաեւ լրագրողական կազմակերպությունները, ԶԼՄ-ները պետք է տեղյակ լինեին»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: arpine Ինչու՞ Զանգվածային լրատվամիջոցները գաղափար անգամ չեն ունեցել այս փոփոխության մասին նույնիսկ այն օրը, երբ օրենքը ներկայացվում էր խորհրդարանի ամբիոնից… Արփինե Հովհաննիսյանը բացատրում է. «Որոշում կայացվեց պարզապես ավելի հրատապ ռեժիմում, առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում հարցը կարգավորել, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջիկայում ավելի լուրջ փոփոխություններ են նախաձեռնվելու լրագրության հասկացության հետ կապված»։  Մասնագետները, սակայն, ցնցված են այն փաստից, որ օրենքի փոփոխությունից տեղյակ չի եղել նույնիսկ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Իսկ ինչու՞ պետք է տեղյակ լիներ»,-զարմանում է արդեն Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը փոփոխության պահին դեռ նախարար էր. «Գործակալությունը իմ գործակալությունն է, նրանց համաձայնությունը ո՞րն ա, նրանք իմ ստորաբաժանում ն են»: shushan ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Երբ որ դիմում են մեզ, մենք անպայման այդ փորձագիտական կարծիքը տալիս ենք, այս դեպքում մեր գնահատականը, մեր կարծիքը չի հայցվել: Բնականաբար մենք չենք տրամադրել»: Փորձագետները վստահ են, որ այս փոփոխությունն ական է՝  դրված լրատվամիջոցի տակ՝ լրագրողները ստիպված են իրենց ցանկացած հերոսի հետ համաձայնեցնել, թե ինչ ռեպորտաժ են պատրաստում նրա մասին Այս դեպքում,  ինչպես նկատում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Բնական է, որ մանավանդ քննադատվող պատգամավորը կասի՝ գործ չունես իմ անձնական տվյալների հետ ու առհասարկակ ինձ հետ, ինչը շատ հաճախ արվում էր՝ թե իմ մասին մի գրի»: ashot Հայաստանում հարվածի տակ է հայտնվել հետաքննությունը: Իշխանությունն այստեղ էլ խնդիր չի տեսնում: Եթե հետաքննությունը բխում է հանրային շահից, եթե հետաքննողը օգտվել է հանրամատչելի աղբյուրներից կամ նրա հերոսը դեմ չէ, որ օգտագործվեն ոչ հանրամատչելի աղբյուրներ, հետաքննությանը ոչինչ չի սպառնում: Լիանա Սայադյանը զարմանում է՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այս փոփոխությունը, եթե լրագրողն այսպես թե այնպես հետաքննությունն իրականացնում է ԶԼՄ-ների մասին օրենքի դրույթներով, որտեղ հստակ նշված է, որ լրագրողն իրավունք չունի մտնել մարդու կյանքի անձնական տարածք։ Նոր օրենքով անձնական տվյալներ հրապարակող լրագրողը հարվածի տակ է դնում ոչ միայն իրեն, այլեւ իր համակարգիչը։  «Այս փոփոխությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լիազորություն ունի, իրավունք է ստանում, օրինակ, գնալ եւ պարզել՝ արդյո՞ք այդ խմբագրությունում մարդկանց անձնական տվյալները պատշաճ կերպով են պաշտպանված: Իսկ դա հնարավորություն է նրանց տալիս մուտք ունենալ, ասենք, լրագրողների տվյալների բազաներին, համակարգիչներին եւ այլն»,- նշում է Լիանա Սայադյանը։ Արփինե Հովհաննիսյանն ամենեւին այն կարծիքին չէ, որ լրագրողները պետք է սարսափեն տեղի ունեցածից: Շուտով նրանք կփոխեն նաեւ Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը, որտեղ սեւով սպիտակի վրա կգրեն, թե ով է լրագրողը. «Եվ այն դեպքում, երբ մենք կունենանք՝ ով է լրագրողը, որն է լրագրության նպատակը եւ ինչ է նշանակում զբաղվել լրատվական գործունեությամբ, այդ դեպքում այս կարգավորումը բնականոն ձեւով, իր ամբողջ առավելությամբ ու սահմանափակումներով կտարածվի լրատվամիջոցների համար»: Լրատվամիջոցներին եւ բոլորին, որոնք օրենքով չնախատեսված կարգով կփորձեն մշակել անձնական տվյալներ, սպառնում է երկամսյա կալանք կամ մինչեւ 500 հազար դրամ տուգանք: Նույնիսկ Արփինե Հովհաննիսյանին է տուգանքի այս չափը թվում ահռելի.«Նույնիսկ երբ մենք սահմանած չենք լինի, թե ով է լրագրողը, պատասխանատվության չափերին պետք է անդրադառնալ բոլոր դեպքերում»:  Հայաստանի դատական համակարգի ոչ թափանցիկությունը կասկածի տեղիք չի թողնում, որ կալանքի մասին դրույթը նույնպես կարող է դառնալ իշխանության ձեռքին գործիք այս կամ այն լրատվամիջոցի հետ հաշվեհարդար տեսնելու համար։   «Իրենց նպատակն այն է, որ լրատվամիջոցը ֆինանսապես այնքան նեղ վիճակում լինի, կամ փակվի կամ սկսի ընդունել իրենց թելադրած խաղի կանոնները եւ դառնա այն լրատվամիջոցներից, որ մեկ զանգի միջոցով կկարողանա ցանկացած ինֆորմացիա հեռացնել, ցանկացած ինֆորմացիա փակել»,- ասում է «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։  Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն արդեն գործողության մեջ է: Դեռեւս որեւէ լրագրող կամ լրատվամիջոց չի ընկել այս օրենքի հարվածի տակ: Սակայն լրագրողները համոզված են, որ  «ինչու՞ օրենքից հանվեց 1-ին հոդվածի երրորդ կետը» հարցի պատասխանը շատ չի ուշանա: